Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Վիլսոն Բուշի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է գործնականում հստակ քայլեր իրականացնի հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու համար

Հունվար 06,2022 09:22

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆինանսական տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում անդրադարձ է կատարվել հայ ադրբեջանական հակամարտությանը` ընդգծելով, որ հակամարտող կողմերը պետք է հավատարիմ մնան 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններին, որոնց մեջ է մտնում գերիների եւ գերեւարված քաղաքացիական բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը։

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը, խորհրդակցելով դաշնային այլ գերատեսչությունների և ղեկավարների հետ, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ.-ի հակամարտության մասին համապատասխան հաշվետվություն, որը կներառի այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են, օրինակ՝ հակամարտության ընթացքում օտարերկրյա դերակատարների, այդ թվում՝ ռազմական գործունեության, օտարերկրյա ռազմական վաճառքների եւ օտար երկրների դիվանագիտական ներգրավվածության, ինչպես նաեւ` հակամարտության կողմերի կամ օտարերկրյա դերակատարների կողմից օտար զինյալների կամ ռազմական կազմակերպությունների հավաքագրելու մասին նկարագրություն: Անհրաժեշտության դեպքում այն պետք է ներառի գաղտնի հավելումներ:

Փաստաթղթում հստակ ընդգծվում է նաեւ այն փաստը, որ հակամարտող կողմերը պետք է ձեռնպահ մնան դիվանագիտական նպատակներին հասնելու համար ուժի եւ սպառնալիքների կիրառումից. Միացյալ Նահանգները պետք է համագործակցի հակամարտության կողմերի հետ` կրկնապատկելով Մինսկի խմբի մասնակցության ջանքերը` հստակեցնելու համար այս պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը և զարկ տալու համար դիվանագիտական առաջընթացին:

Խոսելով օրենքի մասին` Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը ընդգծում է հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի ակտիվ դերակատարության կարևորությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ։

«Կասկածներից վեր է այն հարցը, որ 2020 թվականի նոյեմբերին կնքված զինադադարից հետո Ադրբեջանի կողմից պահվող գերիների հարցը մտահոգիչ է։ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը այս հարցում հստակ ընդգծում է գերիների և գերեւարված քաղաքացիական անձանց ազատ արձակման կարեւորությունը։ «Ազգային պաշտպանության մասին» օրենքը եւս վերահաստատում է ասվածը։ Կարծում եմ` ԱՄՆ-ը Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է ակտիվ դերակատարություն ունենա, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության վերջնական եւ խաղաղ լուծում գտնելու հարցում։ Այդ նպատակին հասնելու համար պետք է համագործակցել Հայաստանի, Ադրբեջանի, և Թուրքիայի հետ, որպեսզի հնարավոր լինի խնդրի երկարատեւ լուծում գտնել։ Սա մի հարց է, որի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ն երկար տարիներ աշխատանքներ է իրականացրել։ Ըստ իս, մենք պետք է շարունակենք այդ աշխատանքները` ունենալով նաև բարձր մակարդակի ներգրավվածություն»,- ասել է նա:

Դոնալդ Վիլսոն Բուշի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված օրինագիծն ու Սենատի կողմից փոփոխությունների ենթարկված վերջնական օրենքը էջ առ էջ ուսումնասիրել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ընտանիքի ժառանգ, նախագահ Վիլսոնի հիշատակի հիմնադրամի նախագահ եւ հայկական ազգային ասոցիացիայի հիմնադիր Դոնալդ Վիլսոն Բուշը, որն ակտիվ ներգրավված է հայ համայնքին հուզող խնդիրների եւ հայերի իրավունքների պաշտպանության գործում:

«Նախագահի հաստատմանը ներկայացված «Ազգային պաշտպանության մասին օրենքը, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված տարբերակի մի շարք փոփոխությունների է ենթարկվել։ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված տարբերակը ունի 21 ենթաբաժին, որոնցից միայն 5-ն է պահպանվել Սենատի կողմից ընդունված տարբերակում։ Այն սակայն ընդգծում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման կարեւորությունը։ Կարծում եմ, անցած 12 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը բավականաչափ արդյունավետ չի գործել. Ես գտնում եմ, որ հայկական սփյուռքը ևս պետք է ակտիվ դերակատարություն ունենա իր ձայնը լսելի դարձնելու համար»,- ասել է նա ։

Դոնալդ Վիլսոն Բուշի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է գործնականում հստակ քայլեր իրականացնի հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու համար։

«Ապօրինի կերպով հայ ռազմագերիներին պահելը Ադրբեջանի կողմից մտահոգիչ խնդիր է, հուսով եմ, որ պաշտոնական փաստաթղթում ներառվելուց հետո գործնական քայլեր կիրականացվեն։ Փաստաթուղթը ամբողջապես չի արտացոլում բոլոր այն պահանջները եւ քայլերը, որ Ադրբեջանը պետք է իրագործի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բարդ խնդիր է , սակայն պետք է աշխատանքներ իրականացնել, որպեսզի հայկական կողմը ստանա ԱՄՆ-ի լիարժեք և անվերապահ աջակցությունը հակամարտության կարգավորման գործում»,- ասել է նա:

Հայկական ազգային ասոցիացիան նախատեսում է ակտիվ աշխատանքներ իրականացնել կառավարական տարբեր կառույցների առջեւ հայ համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:

Արմինե ԱՄԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31