Կրթությունը պետության զարգացման հիմնասյուներից է, լավ կրթությունը մեր վաղվա մրցունակության գրավականն է․ այս համոզմունքով Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում մարզում ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Դեկտեմբերին նա հանդիպեց 117 դպրոցների տնօրեններին, տեղում ծանոթացավ առկա խնդիրներին ու քննարկեց դրանց լուծման ուղիները։
Ուսուցիչների խոսքով՝ շատ ողջունելի է, որ մարզի ղեկավարության մակարդակով գնահատվում և խրախուսվում է մանկավարժի աշխատանքը։
Մենք զրուցել ենք մարզի մի քանի դպրոցների տնօրենների հետ և արձանագրել մարզպետարանի հետ սերտացող համագործակցության մասին նրանց կարծիքը։
«Մենք տպավորված ենք մարզպետի հետ հանդիպումից և նախատեսում ենք կարևոր խնդիրների լուծումը համատեղ քննարկել։ Ողջունելի է, որ պարոն Պետրոսյանը սատարում է առաջադեմ ուսուցիչներին, կարևորում է ատեստացիոն գործընթացի կազմակերպումը, գնահատում է թարմ գիտելիքով ու բարձր կարողությամբ դասարան մտնող ն ուսուցչին»,-ասաց Մուղնիի հիմնական դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը։
Կարդացեք նաև
Օշականի հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Հովնանյանը շեշտադրեց՝ մարզպետի հետ հանդիպման ավարտին տնօրենները հիացած էին թե՛ նրա խոսքից, ելույթից, թե՛ ուսուցչի հանդեպ հարգալից վերաբերմունքից։
«Մենք վստահ ենք՝ կրթության կազմակերպման գործում մեզ հանդիպած ցանկացած խոչընդոտ լուծելի է՝ բարձր մակարդակով քննարկման ու համագործակցության արդյունքում։ Պարոն Պետրոսյանի գլխավորությամբ՝ մենք գիտենք, որ մեր կարևորագույն ու պատասխանատու առաքելությունն իրականացնելիս ղեկավարությունը կանգնած է ուսուցչի կողքին»,-ասաց տնօրենը։
Աղձքի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոնա Միքայելյանը նշեց, որ կրթության հարգն իմացող ղեկավարի հետ աշխատանքն առավել արդյունավետ է։
«Մեր հանդիպման ընթացքում մարզպետի խոսքը կառուցողական ու ներշնչող էր։ Նա ընդգծեց՝ այսօրվա կրթված աշակերտը վաղվա հզոր տնտեսության հիմնադիրն է։ Այսպիսով, մենք վերստին արձանագրեցինք՝ կրթության ոլորտը առաջնահերթություն է և դա մարզի ղեկավարի խոսքով է ասվում»,-ասաց Սոնա Միքայելյանը։
Արագածոտնի մարզպետարան