Հաշմանդամություն ունեցող կամ տունը լքելու դժվարություններ ունեցող անձանց համար կարողանում ենք պատվաստումներն իրականացնել տանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով, պետք չէ չարաշահել, բայց եթե քաղաքացին ունի դժվարություն, բուժական խմբերը կմոտենան եւ տանը կպատվաստեն:
Ադրբեջանից վերադարձած գերիներին այցելություն լինո՞ւմ է հարցին Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասաց, որ այցելելու որոշակի նպատակ պետք է լինի եւ եթե անհրաժեշտություն լինի որոշակի մասնագետի, կամ որեւէ բժշկական օգնության, դա կտրամադրվի թե՛ կոնկրետ կալանավայրում, եւ, թե՛ մասնագիտացված բժշկական կենտրոններում:
Անդրադառնալով ծխախոտի վաճառքի, գովազդի սահմանափակումներին, որոնք արդեն ուժի մեջ են մտել, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ շատ երկրներից հետ ենք մնում հակածխախոտային գործընթացներում: Նրա խոսքով, ծխախոտի գայթակղիչ գովազդներն ուղիղ թիրախավորում են երիտասարդներին եւ կանանց. «Եթե մենք ունենք ծխախոտային բարվոք իրավիճակ կանանց շրջանում ծխախոտային արտադրատեսակների նվազ օգտագործման, վերջին տարիներին այդ տենդենցը նկատում ենք: Այսինքն՝ շատ կարեւոր է հասկանալ, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն ուղիղ ազդեցություն ունի մարդու առողջության վրա, ե երբ նայում ենք վաղաժամ մահացության ցուցանիշները, դրանք թե՛ սրտանոթային հիվանդություններ են, թե՛ քաղցկեղն է, տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղն է, ինչը ցույց է տալիս, որ մենք գործուն միջոցներ պետք է ձեռնարկենք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ