Լրահոս
Օրվա լրահոսը

13 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում են. նրանց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներ են

Հունվար 05,2022 17:52

Հունվարի 4-ի դրությամբ Հայաստանի բժշկական կենտրոններում գրիպով եւ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 592 բուժառու:

Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա տվյալներով, հոսպիտալացվածների 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: 13 բուժառու էլ վերակենդանացման բաժանմունքում են, որոնց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներ են: Ըստ տիկին Աբովյանի, նրանք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը: Ամենափոքր բուժառուն, որը հիվանդանոցային բուժում է ստանում, 44 օրական երեխա է:

Գրիպով եւ սուր շնչառական հիվանդությամբ վարակվածությունը առավել բարձր է Արարատի եւ Տավուշի մարզում, Երեւանում եւ մնացած մարզերում, ըստ ԱՆ պաշտոնյայի, վարակվածության ցուցանիշը միջին ակտիվության է: Մասնագետի խոսքով՝ 2021 թվականի գրիպի սեզոնի 52-րդ շաբաթում հիվանդացությունը նվազել է 1.4 անգամ, բայց իրավիճակը երկրում դեռ կայուն չի՝ հիվանդացությունը շեմից բարձր է մոտ 2 անգամ: Նա ասաց նաեւ, որ Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 N2 ենթատեսակի վարակիչ վիրուսը:

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանն էլ ասաց, որ հիվանդանոցներ դիմելիության ցուցանիշը նույնպես աճել է, ինչն էլ պայմանավորված է Ամանորի առիթով միմյանց հյուր այցելելով. «Մինչեւ Նոր տարի դրական ազդեցություն կար հիվանդության թվերի իջեցման վրա: Հիմա գրանցվում են այն դեպքերը, որոնք վարակվել են Նոր տարվա այցելությունների ժամանակ: Հոսպիտալացման ամենաերիտասարդ դեպքը 44 օրական երեխան է, որի վարակվածության դեպքը  այցելությունների հետեւանքն է»:

Սերգեյ Սարգսյանի խոսքով, հիվանդությունն ի սկզբանե ախտահարում է երեխաներին. Գրանցվում է բարձր ջերմություն, ականջի բորբոքում, թոքաբորբ:

Ըստ նրա, դպրոցներում արձակուրդները դրական ազդեցություն ունեցան հիվանդացության աճի նվազման վրա, բայց մարդիկ սկսեցին գրիպով վարակվել ամանորյա տոների առիթով կատարած այցերի ժամանակ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31