Այսօր Փարաքար համայնքում ժամը 10-ին նախատեսված ավագանու առաջին նիստը, որտեղ պետք է համայնքի ղեկավար ընտրվեր, չկայացավ՝ չնայած, որ ավագանու 21 անդամներից 11-ը ներկա էին:
Նիստին մասնակցելու չէր եկել «Ապրելու երկիր» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն ավագանու մնացած 11 անդամները 11 ձայնով համայնքապետ էին ընտրել Դավիթ Մինասյանին, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները:
Դեկտեմբերի 23-ին դրսում տեղի ունեցավ Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալությունը, քանի որ ոստիկանները թույլ չէին տվել մտնել շենք:
Կարդացեք նաև
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։
Այսօր «Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանը, անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ավագանիում ստեղծված իրավիճակին, լրագրողների հետ զրույցում ասաց՝ համայնքը չի կարող կառավարվել, եթե ավագանիում կա կոնֆլիկտ, եթե խմբակցություններից մեկը բոյկոտում է, մեկը չի ներկայանում. «Այստեղ երեք կողմ գոյություն ունի, եթե համաձայնության չեկան, այլ լուծում գոյություն ունի՝ նոր ընտրություններ: «Ապրելու երկիր» խմբակցությունը չէր եկել, այսինքն 11 հոգով պետք է նիստը կայանար, ինչը նշանակում է, որ խնդիրը չի հաղթահարվում, կոնֆլիկտ է լինում: Երկրորդ, իրավիճակը համայնքում կարիք ունի հանդարտեցման: Ավագանու հաջորդ նիստին շատ հնարավոր է, որ 21 անդամներն էլ մասնակցեն եւ հենց Դավիթ Մինասյանն էլ ընտրվի: Այսինքն՝ այս ամենը զուտ համայնքում համերաշխ իրավիճակ ստեղծելու համար է: Այսօրվա ընթացքում կհանդիպեն, կխոսեն, եւ կախված դրա արդյունքներից վաղը կամ մյուս օրը ավագանու նիստ կհրավիրվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ