Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թվական ենք մտնում բարեփոխումների լուրջ մեկնարկով. վարչապետի խոսքը կառավարության նիստում

Հունվար 05,2022 13:41

Այսօր տեղի է ունեցել Կառավարության՝ 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մի շարք բարեփոխումներին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ոլորտային պատասխանատուները:

Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և սկսում ենք Կառավարության՝ 2022 թվականի առաջին նիստի աշխատանքները:

Հարգելի գործընկերներ,

ուզում եմ ընդգծել, որ մենք 2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավական լուրջ մեկնարկով:

Նախ առաջինը՝ ուզում եմ նկատել, որ մենք շատ երկար տարիների քննարկումներից հետո, ի վերջո, կայացրինք այս որոշումը՝ որ ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ, արդարացված որոշում է: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք՝ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ սրանով մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև նախ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օրեր: Ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք որևէ փոփոխություն անել: Ընդ որում, այս տարի կարծիք կար, որ գուցե նաև հաջորդ օրերը ոչ աշխատանքային հայտարարենք և այլն, բայց մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք և այսպես շարժվելու ենք առաջ: Այսինքն՝ բոլորս պետք է պլանավորենք այսպես՝ ըստ էության, իհարկե, չբացառելով որոշ դեպքեր, երբ շաբաթ-կիրակիները կամ տոնական օրերը կարող են հինգշաբթի, ուրբաթ լինել: Այսպիսի դեպքեր կարող են լինել, բայց ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունը լինելու է սա:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից, որի մասին կուզենամ խոսել, հակածխախոտային օրենսդրությունն է: Գիտեք, որ հունվարի 1-ից արդեն հակածխախոտային օրենսդրության առաջին հատվածը մտնում է ուժի մեջ: Տիկին Ավանեսյան, խնդրում եմ պարզաբանեք, թե որոնք են այդ օրենսդրության նրբությունները: Համեցեք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, իսկապես կարծում ենք, որ այս քայլը ևս մեկ շատ կարևոր խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և քաղաքացիներին, նաև երիտասարդներին ավելի առողջ պահելու մեր հանձնառությանը: Նշեմ, որ Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են՝ 51 տոկոսը, և յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է: Մեր քաղաքականությունն է, հանձնառությունն է՝ հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այդ օգտագործման արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը: 2020 թվականին ընդունվեց ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը, որը որոշ դրույթներով 2021 թվականից արդեն իսկ կյանքի է կոչվել, բայց իհարկե, հնարավորություն և ժամանակ է տրվել տնտեսվարողներին՝ իրենց գործունեությունն այնպես դասավորել, որպեսզի հնարավորինս նվազ վնասներով մենք ունենանք նաև այսօրվ ա դրույթների կիրառումը: Այսպիսով, հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սնդդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների:

Պետք է նշեմ նաև, որ ուժի մեջ է մտնում նույն արտադրատեսակների մակետների և դրանից գովազդային ցուցադրությունը: Մենք գիտենք, որ նախկինում կրպակներում շատ տեսանելի վայրերում հստակ կերպով տուփերը, մակետները ցուցադրելու միջոցով ակտիվ գովազդ էր տարվում: Մեր կարծիքով՝ սա կնպաստի գովազդի ազդեցության շնորհիվ նաև մեր երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման և, ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցմանը: Հայաստանում, ցավոք, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և տղամարդկանց մոտ հիմնականում թոքի քաղցկ ղի տարածվածությունը մեզ հուշում է, որ ամեն ինչ պիտի անենք՝ այս առումով պայքարը հետևողական տանելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն: Տիկին Ավանեսյան, ճիշտ եմ հասկանում, որ այս կարգավորմամբ մենք, ըստ էության, կյանքում, առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում, սուպերմարկետներում, չպետք է տեսնենք՝ ո՛չ փոքր, ո՛չ մեծ, ո՛չ նկարած, ո՛չ պատի վրա: Ոչ մի տեղ: Այսինքն՝ ծխախոտի տուփը վիզուալ մեզ համար հանրային կյանքում վերանում է, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդն ասենք ձեռքին ուղղակի ունի: Նկատի ունեմ՝ կոմերցիոն տարածքներում մենք ծխախոտի տուփի հետ պետք է չառնչվենք: Հիմա հաջորդ հարցը՝ ՞վ է վերահսկելու օրենքի կատարումը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո, պարոն վարչապետ, մեր քաղաքականությունն ուղղված է հենց դրան, որ տեսանելի վայրերում, վաճառքի սրահներում ծխախոտը կամ դրան առնչվող գովազդն ընդհանրապես տեսանելի չլինի: Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ դրանք հիմնականում տեղակայված են լինում խանութի ամենաբանուկ մասում՝ քաղցրավենիքների և վճարելու հատվածում և ամենատեսանելի վայրերում: Այսուհետ պետք է խանութների այդ հատվածում ծխախոտի կամ դրա փոխարինիչների որևէ տուփ պետք է ցուցադրված չլինի: Վերահսկողությունն իրականաց ում են տեսչական մարմինները, և մենք նախօրոք արդեն մեր գործընկերների հետ աշխատել ենք: Տեսչական մարմինները որոշակի տեղեկատվական աշխատանք են իրականացրել նաև տնտեսվարողների հետ, և պետք է որ վերահսկողության հստակ կատարման արդյունքում մենք, կարճ ժամանակում, պետք է ականատես լինենք մաքուր և ճիշտ ցուցափեղկերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տիկին Ավանեսյան, Դուք նշեցիք ելքի մոտ տեղադրված ծխախոտի ստենդները: Բայց ընդհանրապես ցուցափեղկերում պետք է չերևան ծխախոտները, ճի՞շտ է: Այսինքն՝ եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է «տակից» վաճառեն:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո՝ երբ հաճախորդը կհարցնի, կուզի իր մատնանշած ծխախոտային արտադրատեսակը, նրան կվաճառեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ որևէ տեղ` գովազդի վրա, մակետ, նվեր և այլն, մարդը ծխախոտի տուփ չպետք է տեսնի։ Երբ Դուք նշում էիք, որ ծխախոտի ստենդները դրվում են հենց ելքի մոտ, ամեն ինչ արված է, որ մարդը չմոռանա ծխախոտ գնել: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ մարդը մոռանա ծխախոտ գնել: Սա է մեր քաղաքականության էությունը։ Նախկինում մենք արդեն գովազդն արգելել էինք, արդեն վաղուցվանից է գովազդը արգելված նաև հանրային տարածքներում, այնպես որ մենք այս ճանապարհով պետք է գնանք։

Ընդհանուր առմամբ սա շատ կարևոր է, և խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը մեր հանրային առողջության վրա։ Իհարկե, առողջապահությունը կարևորագույն քաղաքական ոլորտներից է, որտեղ Կառավարությունն ունի անելիք և կարգավորում, բայց մեր նպատակն ամենևին էլ այն չէ, որ թողնենք մարդն անարգել հիվանդանա և հետո նրան բուժենք կամ չբուժենք։ Ամենակարևորը կանխարգելիչ գործողությունն է, և շատ ուրախ եմ, որ այստեղ մենք քաղաքական կամք ենք դրսևորել։

Ընդ որում, պիտի ասեմ, որ այս կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ 2021 թվականի հունվարից, բայց հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և այլն՝ մենք մեկ տարով հետաձգեցինք: Շատ կարևոր է արձանագրել, որ արդեն մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և նաև բաց տարածքներում, ներառյալ բացօթյա սրճարաններում և այդպես շարունակ։ Բոլոր տնտեսվարողները և քաղաքացիները պետք է պատրաստվեն սրան։ Կոչ եմ անում նաև երեխաներին և ոչ միայն երեխաներին՝ տանը արգելել իրենց ծնողներին ծխախոտի օգտագործումը, որպեսզի այս քաղաքականությունը լիարժեք տեղ հասնի։ Տեսչական մարմիներն են վերահսկողությունն իրականացնում: Ակնկալում եմ, որ ամենախիստ վերահսկողությունն իրականացնենք, որպեսզի այն, ինչ հիմա խոսում ենք, ամբողջությամբ դառնա իրականություն։ Խնդրեմ, պարոն Ասոյան:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Իրականում այս ոլորտի վերահսկողությունը շատ մեծ, ընդգրկուն ասպեկտ ունի: Այս առումով վերահսկողական ուղղությունները բաժանված են մի քանի տեսչական մարմինների վրա, և այդ աշխատանքներին մասնակից են նաև համայնքները՝ Տեղական ինքնակառավարման մարմինները, ինպես նաև Ոստիկանությունը։ Եվ ինչպես նշվեց, մենք արդեն իսկ՝ մոտավորապես 6 ամիս առաջ, լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք իրականացրել բիզնես ոլորտու , որպեսզի հնարավորինս նախապատրաստվեն այս նոր կարգավորումներին: Հուսով եմ, որ բիզնեսն արդեն որոշակի առումով ադապտացվել է, և վերահսկողությունը պատշաճ կարգով կիրականացվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, պարոն Ասոյան։ Հարգելի գործընկերներ, հաջորդ էական բարեփոխումը, որի մասին կուզենայի խոսել, հետևյալն է՝ հունվարի 1-ից արգելվել է որոշակի տիպի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումը առևտրի կետերում։ Պարոն Սիմիդյան, խնդրում եմ ներկայացրեք էությունը, թե ինչ է փոխվում այդ առումով։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, այո, 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակների վաճառքի արգելքը։ Օրենքն ընդունվել է դեռևս 2020 թվականի գարնանը, և ինչպես նախորդ օրենքի դեպքում, այս օրենքը նույնպես այսքան ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին, իրենց արտադրողական կարողությունները փոխեն և նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակներ։ Գիտենք, որ պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և կարծում ենք, որ շատ կարևոր արգելք է, սահմանափակում է։ Եվ կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում, և հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն և օրենքի կիրարկումն ապահովեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Այստեղ պարզաբանենք, որ խոսքը որոշակի տեսակի մասին է։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան – Այո, խոսքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների մասին է՝ այն տոպրակներն են, որոնք վաճառքի կետերում մարդկանց տալիս են բռնակներով։ Կան բացառություններ՝ երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները, կիլոգրամով չափվող առանձին դրված տոպրակներ: Բացի դրանցից մինչև 50 միկրոն հաստության բոլոր տեսակի տոպրակներն արգելվում են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այստեղ երկու արձանագրում՝ սա այս գործընթացի առաջին քայլն է, որ անում ենք, որովհետև բոլորս պետք է իմանանք, որ ժամանակի ընթացքում պետք է ընդհանրապես պոլիէթիլենից հրաժարվենք կամ ընդհանրապես դուրս մղենք պոլիէթիլենային տոպրակները մեր կյանքից: Հիմնավորումն այն է, որ այդ տոպրակները մարդիկ օգտագործում են առավելագույնը մեկ ժամ, երկու ժամ, լավ, մեկ օր, որից հետո այն հայտնվում է բնության մեջ և էական վնաս է հասցնում:

Հաջորդ խնդիրը, որ այստեղ ունենք՝ ի տարբերություն առաջին փոփոխությունների, այս պարագայում վերահսկողությունն օրենքով դրված է Տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Պարոն Սանոսյան, այստեղ պետք է շատ սերտ աշխատենք Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի կարգավորումը լիարժեք գործի և հասնի իր նպատակին: Ընդ որում, մենք մոնիթորինգ կանենք ժամանակի ընթացքում: Այս պարագայում մենք փորձում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողական գործառույթները նաև որոշակիորեն զարգացնել: Հույս ունենք՝ դա պատշաճ մակարդա կով կիրականացվի, բայց մոնիթորինգի արդյունքում եթե հանկարծ տեսնենք, որ չի աշխատում վերահսկողությունը, դա էլ կդնենք տեսչական մարմինների վրա: Բայց մեր հույսն այն է, որ մանավանդ հիմա՝ համայնքների խոշորացումից հետո, կարգավորումը կաշխատի, և Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողական իրենց գործառույթները պատշաճ ձևով կիրականացնեն: Ամեն դեպքում, պարոն Սանոսյան, պետք է Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատել, քննարկել: Նաև մեր մարզպետներն են ներկա՝ խնդրում եմ քաղաքապետերին, համայնքների ղեկավարներին հրավիրել, կարգավորումը պարզաբանել և առաջարկել, որպեսզի պատշաճ վերահսկողություն իրականացվի և տեսնենք, որ վերահսկողական ավելի շատ գործառույթներ կարող ենք պատվիրակել համայնքներին և ավելի քիչ գործառույթներ դնել տեսչական մարմինների և Կառավարության՝ վերահսկողական գործառույթ ունեցող մյուս օղակների վրա: Համեցեք, պարոն Քերոբյան:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան – Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել մեկ այլ շատ կարևոր նախաձեռնության մասին, որը հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ: Դա ավտոմեքենաների թրեյդինի մասին օրենքն է, որը հունվարի 1-ից սկսում է աշխատել: Դա, ըստ էության, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ: Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Օրենքն արդեն ուժի մեջ է՝ բոլոր կարգավորումներով: Ճիշտ է, հիմա նոր մեքենաների մի փոքր դեֆիցիտ կա, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում ավտոդիլները նոր լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ փոխել իրենց, թարմացնել իրենց մեքենաները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ճիշտ նկատեցիք, պարոն Քերոբյան, որ նախկինում էլ չէր արգելվում, որ մարդն իր հին մեքենան տա, նորը վերցնի, ուղղակի հարկեր էին առաջանում, որոնք գործարքի գրավչությունը գցում էին: Մենք օրենսդրական կարգավորմամբ այնպես արեցինք, որ այդ եղանակով նոր մեքենա ձեռք բերելն ավելի գրավիչ լինի քաղաքացիների համար:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31