Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը չի պատկերացնում, որ օմիկրոնը Հայաստան չմտնի

Հունվար 05,2022 13:38

«Իրավիճակը մահճակալային ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, եւ մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայելու գրիպի շտամի շրջանառությանը»,-այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով հանրապետությունում գրիպի եւ կորոնավիրուսային իրավիճակին:

«Մենք շարունակում ենք ունենալ կայուն, հանգիստ վիճակ, նախորդ օրը գրանցվել է 129 դրական դեպք, իրականացվել է 5164 թեստավորում եւ, ցավոք սրտի, ունեցել ենք 3 մահ։ Շարունակվում է նաեւ պատվաստումային գործընթացը, երկրորդ դեղաչափով ունենք ենք 722 հազար 409  եւ առաջին դեղաչափով 946 հազար 984 քաղաքացիների պատվաստում»,-ասաց նախարարը։ Նրա խոսքով, իրականացվում են նաեւ խթանիչ դեղաչափերով պատվաստումները. «Այն քաղաքացիները, որոնք 6 ամիս առաջ են պատվաստվել, հորդորում ենք ստանալ նաեւ երրորդ դեղաչափը»։

Անահիտ Ավանեսյանը նաեւ ասաց, որ այս տարի գրիպի դեպքերի բավականին բարձր աճ է եղել. «Եթե անցյալ տարի մենք նկատում էինք գրիպի շրջանառության բացառիկ դեպքեր, այս տարի նոյեմբեր ամսից բավականին աճ ենք գրանցել։ Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը կայունացել է, ինչը պայմանավորված է նաեւ ուսումնական արձակուրդների հետ»։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ սեպտեմբերից Հայաստանում ունեցել են գրիպի այս տարվա շտամերի դեմ պատվաստանյութեր, որոնք քովիդի դեմ պատվաստանյութերի հետ որեւէ հակացուցում չունեն։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի առումով Հայաստանում իրավիճակը բարվոք է. «Բայց եկեք արձանագրենք, որ, եթե պատվաստումները պատշաճ կերպով չշարունակենք, ճգնաժամը անխուսափելիորեն վերադառնալու է, մանավանդ այս պահի դրությամբ Հայաստանում օմիկրոն տեսակի շտամը չի արձանագրվել, բայց նաեւ դա է անխուսափելի, եւ դժվար եմ պատկերացնում` ինչպե՞ս կարող է այնպես տեղի ունենալ, որ Հայաստան չմտնի այդ շտամը։ Հետեւաբար, եթե պատվաստումային գործընթացը նույն տեմպերով չշարունակենք, կանգնելու ենք ճգնաժամի առաջ»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի,  Հայաստանում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31