Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցեր Ղազախստանում, կառավարությունը հրաժարական է տվել, կան վիրավորներ, բերման ենթարկվածներ

Հունվար 05,2022 13:21

Չորեքշաբթի առավոտյան Ղազախստանում մոլեգնող բողոքի ցույցերի ֆոնին երկրի կառավարությունը հրաժարական է տվել:

Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ կառավարության վրա բարդելով «բողոքային իրավիճակ թույլատրելու» ողջ մեղքը: Միաժամանակ, կրկին հաղորդումներ կան, որ երկրում ցույցերը վերսկսվել են:

«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` հրամայում եմ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը»,- ասվում է հրամանում: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են առաջին փոխվարչապետ Ալիխան Սմայիլովի վրա: Բացի այդ, երկրում նշանակվել է նոր պետական քարտուղար՝ նախագահի օգնական Եռլան Կարինը, որն այդ պաշտոնում փոխարինել է Կրիմբեկ Կուշերբաևին:

Կրկին բախումներ Ալմաթիում

Չորեքշաբթի առավոտյան Ալմաթիում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև. ականատեսները հայտնում են, որ կիրառվում են լուսաձայնային նռնակներ: Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում են ցուցարարները և ռազմատեխնիկան:

Ալմաթիի հանրային առողջության վարչության համաձայն՝ քաղաքի բուժհաստատություններ է դիմել 190 տուժած: Ըստ պաշտոնական տվյալների՝ նրանցից 137-ը ոստիկանության աշխատակիցներ են, 53-ը՝ քաղաքացիական անձիք:

Ցույցեր են տեղի ունենում նաև Ղազախստանի այլ քաղաքներում:

Երեքշաբթի Ղազախստանի նախագահը արտակարգ դրություն սահմանեց Ալմաթի քաղաքում և Մանգիստաուի շրջանում: Չորեքշաբթի արտակարգ դրություն սահմանվեց արդեն Ալմաթիի շրջանում և սահմանափակվեց մուտքն ու ելքը: Բացի այդ՝ արտակարգ դրությամբ արգելված են հավաքները, զանգվածային միջոցառումները, գործադուլները:

Ավելի վաղ Տոկաևը տեսաուղերձ էր հրապարակել, որում կոչ էր անում ցուցարարներին խելամտություն ցուցաբերել և հակաիրավական գործողությունների չդիմել: Ուղերձում Տոկաևն ասում էր, որ ցույցերի պատճառով իշխանությունները չեն փլուզվում, և որ Ղազախստանին պետք չէ կոնֆլիկտ, այլ անհրաժեշտ է վստահություն և երկխոսություն: Նախագահը նաև հայրենակիցներին խնդրել էր չտրվել սադրանքների և հիշեցրել, որ պետական հաստատությունների և ռազմական օբյեկտների վրա հարձակումներն անօրինական են:

Ինչից են սկսվել բողոքները

Ղազախստանում բողոքի ցույցերը սկսվել են կիրակի Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի բարձրացման պատճառով (հունվարի 1-ից հեղուկ գազի գինը 60 տենգեից (մոտ 66 դրամ) դարձել է 120 տենգե (մոտ 130 դրամ)) և տարածվել երկրի բոլոր խոշոր քաղաքներով, մի շարք դեպքերում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Ուշագրավ է, որ ցույցերը սկսվել են Ժանաոզեն քաղաքից, որտեղ 2011թ-ին ոստիկանությունը կրակ էր բացել ցուցարարների վրա:

Երեքշաբթի Ալմաթիի ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար, որոնք փորձում էին գրոհով ներխուժել քաղաքապետարանի շենք: Ըստ տեղում աշխատող լրագրողների՝ մի քանի ցուցարարների և ոստիկանների թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնել են, որ բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեքշաբթի երեկոյան արդեն ոստիկանությանը հաջողվել է Հանրապետության հրապարակից հեռացնել բոլոր ցուցարարներին, ընդ որում, անկարգությունների հետևանքով հրդեհվել է մի քանի ոստիկանական մեքենա:
Կառավարական հանձնաժողովը խոստացել է ցուցարարներին իջեցնել գազի գինը և երաշխիքներ է տվել նրանց պատասխանատվության չենթարկել: Չնայած դրան, բազմաթիվ ցուցարարներ հրաժարվել են ցրվել:

Ակտաու քաղաքում ցուցարարները հանդիպում են պահանջել նախագահի հետ, մի շարք այլ քաղաքներում հնչել են կառավարության հրաժարականի պահանջներ:

Ցույցերի ֆոնին տեղեկություններ կան սոցցանցերի աշխատանքի խափանման մասին: Ալմաթիում և մայրաքաղաք Նուր-Սուլթանի  մի շարք թաղամասերում համացանցն արգելափակվել է, դադարել են աշխատել WhatsApp և Telegram մեսենջերները:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31