Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակից վաճառեն. Փաշինյան

Հունվար 05,2022 13:06

«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում ու հանրային սննդի օբյեկտներում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առեւտրի խանութների»,-կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ուժի մեջ է մտնում նաեւ դրանց գովազդային ցուցադրության արգելքը:

Նախարարը հայտնեց, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է, որոնց գերակշռող մասը տղամարդիկ են:

Անահիտ Ավանեսյանի կարծիքով, խստացումները կնպաստեն, որպեսզի երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը նվազի. «Առաջներում, կրպակներում շատ տեսանելի վայրերում ծխախոտի տուփերը, մակետները ցուցադրելու միջոցով ակտիվ գովազդ էր տարվում»:

Նիստ վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այսուհետ առօրյայում, սուպերմարկետներում, վաճառքի այլ կետերում ծխախոտի տուփ չենք տեսնելու՝ ո՛չ մեծ, ո՛չ փոքր, ո՛չ նկարած. «Այսինքն՝ վիզուալ առումով ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է: Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներին կոչ եմ անում տներում էլ  արգելել ծխախոտի օգտագործումը»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շուտով՝ մարտ ամսից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ տարածքներում, անգամ բացօթյա սրճարաններում: Նա նաեւ կոչ արեց երեխաներին՝ արգելել ծնողներին տանը ծխել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31