«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»՝ ԶՊՄԿ-ի 15 % բաժնեմասը, որը հանդիսանում էր կառավարության սեփականությունը, այսօր կառավարության որոշմամբ, հանձնվեց հավատարմագրային կառավարման «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»՝ ԱՆԻՖ-ին:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ պետությունը բաժնեմաս ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»: Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը ԶՊՄԿ-ում կունենա ներկայացուցիչ:
«Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ՝ կորցնում է, դա մենք տեսել ենք երկար տարիներ»,-Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի 75 տոկոսի վրա կալանք դրվել էր այս տարվա օգոստոսին: Սեպտեմբերին կոմբինատը դիմել էր դատարան՝ հայցի ապահովման միջոցը փոփոխելու պահանջով, որը դատարանի կողմից մերժվել էր, իսկ սեպտեմբերի 30-ին դատարանը որոշել է հանել արգելանքը կոմբինատի բաժնետոմսերի վրայից, որին հաջորդել էր վաճառքը երրորդ անձին՝ «Արդյունաբերական ընկերությանը», որի սեփականատերն է ազգությամբ ռուս մեծահարուստ Ռոման Տրոցենկոն:
Կարդացեք նաև
Նշենք նաեւ, որ ըստ տեղեկությունների, ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ