Ինչպես արդեն հաղորդել ենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերգեյ Մովսիսյանը մանդատը վայր է դրել՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար։ Պատգամավորը հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Քաղաքական թիմն է այսպիսի որոշում կայացրել, ես էլ ընդունել եմ։ Հիմա էլ հանուն Հայաստանի Հանրապետության կշարունակեմ ծառայել գործադիրում»:
Սեդրակ Թևոնյանն էլ հայտնել է, որ հնարավոր է՝ անցնի այլ աշխատանքի, սակայն չբացելով փակագծեր՝ որտեղ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սեդրակ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: Այսպիսով, Սեդրակ Թևոնյանը կփոխարինի հորը՝ Արարատի ներկայիս մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:
Կարդացեք նաև
Խմբակցության համամասնական ցուցակի համաձայն՝ հաջորդ համարները Լիլիթ Կիրակոսյանը և Էդգար Հակոբյանն են:
Լիլիթ Կիրակոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ վերցնելու է պատգամավորական մանդատը։ Հարցին՝ որոշե՞լ է, թե որ հանձնաժողովում է իրականացնելու աշխատանքները, նա ասեց, որ դեռ չի մտածել այդ ուղղությամբ։ Նշենք, որ Լիլիթ Կիրակոսյանը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է։