ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը` առանց բավարար հիմքերի: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դատարանի որոշումը գնահատեց որպես ոչ իրավաչափ և տեղեկացրեց, որ որոշման դեմ բողոք կներկայացվի:
Քննիչը կալանքի ժամկետի երկարացման միջնորդության հիմքում դրել էր նաև քննությանը խոչընդոտելու հիմքի շարունակական առկայությունը, ինչը պայմանավորում էր նրանով, որ պետք է կատարվեն բազմաթիվ քննչական գործողություններ, վկաներ հարցաքննել, հատկապես, նման գործողություններ կատարելու համար քննիչն ունի դատախազի ցուցումը: Պաշտպանության կողմը բարձրաձայնել է հարցը, որ ցուցումի բովանդակությունը պետք է բացահայտվի, պաշտպանության կողմը պետք է հասկանա, թե քննիչն ինչ գործողություններ պետք է կատարի այս երկու ամսվա ընթացքում:
Նշենք, որ քննիչը հայտարարել էր նախաքննության ավարտի մասին, առանց ավելի վաղ դատախազի տված ցուցումները կատարելու: Դատախազությունը հայտարարեց, որ գործը հետ է ուղարկել նախաքննական մարմին` նոր ցուցումով` քննության բազմակողմանիությունն ապահովելու համար, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն շտապեց հայտարարել, թե դատախազի ցուցումն առարկություններով հետ են ուղարկել դատախազին: Իսկ հիմա, երբ նորից Ա.Հովսեփյանի կալանավորման ժամկետի երկարացման հարցն է, նույն նախաքննական մարմինը պնդում է, թե դատախազի ցուցում ունեն, որը պետք է կատարեն. ասել է թե նախաքննությունը վերսկսվել է: Սակայն չեն մանրամասնում, թե ինչ քննչական գործողություններ են կատարվում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում