Խոշորացված Վարդենիսի համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանի բացօթյա երդմնակալության ավարտից հետո լրատվամիջոցներին մոտեցավ Ջեմարա Վարդանյանը: Նա ներկայացավ որպես «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ, սակայն ասաց, որ ցանկանում է անձնական բնույթի հայտարարություն անել:
«Ես Ադրբեջանի փախստական եմ: Երեկ լսեցի մեր ընդդիմադիր կողմի ելույթները: Ես մանկավարժ եմ եւ դիմում եմ իր ասելով 37 տարվա մանկավարժ, պատմության մասնագետ տիկին Նաիրա Մանուչարյանին: Ի՞նչ իրավունքով նա ներկայացրեց իմ անձը, իմ փախստական ժողովրդին՝ որպես մահմեդական երկրից ժամանած ոչ լիարժեք քրիստոնյաներ: Նա նկատի ուներ մեր ողջ եկվոր ժողովրդին: Դուք որեւէ տեղ լիարժեք եւ ոչ լիարժեք քրիստոնյաների մասին լսե՞լ եք: Նրանք ՔՊ նիստ էին ունեցել, ես էլ իրենց ուղիղ եթերին հետեւել եմ: Ոչ մեկը չընդհատեց իրեն, նույնիսկ շատ հարգված պարոն Արամ Մելքոնյանը: Նա ինչո՞ւ չընդհատեց: Չէ՞ որ պատրաստվում է ղեկավարել ամբողջ խոշորացված համայնքի ժողովրդին: Մենք չենք ընտրում Վարդենիսի քաղաքապետ: Մենք ընտրում ենք խոշորացված համայնքի համայնքապետ: Իրավունքը պետք է հավասար լինի: Ես 33 տարի է բնակվում եմ Վարդենիսում, մի ամայի գյուղում: Ո՞վ իրավունք ունի ինձ ասել ոչ լիարժեք քրիստոնյա: Պատիվ եմ պահանջում: Նա որպես 37 տարվա պատմաբան, ինձ թող ասի, թե լիարժեք եւ ոչ լիարժեք քրիստոնյան որն է, մահմեդական երկրից ժամանած լիարժեք եւ ոչ լիարժեք քրիստոնյան որն է»,-ասաց տիկին Ջեմարա Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ