Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանը երդմնակալությունից հետո լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ ՔՊ ավագանին համայնքապետի ընտրության նիստին չի մասնակցել և, ըստ էության, իր դեմ դատարան հայց է ներկայացրել, ասաց. «Մենք 14 հոգի ենք եղել, մեծամասնություն ենք կազմել, եւ մեր նիստն արել ենք: Մենք իրենց հրավիրել ենք, բայց իրենք չեն մասնակցել: Իրենք գիտեն իրենց հարցերը: Թող չմասնակցեն, եթե չեն ուզում: Բայց եթե մասնակցեն, մենք մեծ սիրով կաշխատենք իրենց հետ»:
Ահարոն Խաչատրյանը ավագանու հետագա նիստերի առումով հույս հայտնեց, որ ՔՊ-ականները կմասնակցեն: Իսկ հարցին, թե ոստիկանությունը, եթե թույլ չի տալիս մտնել քաղաքապետարանի վարչական շենք, իրենք մյուս նիստե՞րն էլ են բացօթյա կազմակերպելու, պատասխանեց. «Մենք կսպասենք վարչական դատարանի միջանկյալ որոշմանը, որը պետք է լինի մեկշաբաթյա ժամկետում: Երբ դա կլինի, կբարձրանանք շենք եւ մեր աշխատանքը կանենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ