Նոր տարվա աշխատանքային առաջին օրվանից Սյունիքի մարզի սահմանամերձ Շիկահող գյուղում գործող կարի արտադրամասը սկսել է «Հայանտառ»-ի Կապանի մասնաճյուղի եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցների համազգեստների արտադրանքը։ Երկու ընկերությունների հետ պայմանագրերը կնքվել էին անցած տարի՝ նոյեմբերին՝ արտադրամասի պաշտոնական բացման ժամանակ։ «Նաեւ կարելու ենք Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցների արտահագուստները, արդեն կնքել ենք պայմանագիրը»,-ասում է կարի արտադրամասի պատասխանատու Նարե Ղազարյանը։
Խորհրդային Միության տարիներին՝ գյուղում գործել է Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղը՝ 80 աշխատեղով։ Բացի շիկահողցիներից, հարակից գյուղերում ապրողներն էլ էին աշխատում այդ մասնաճյուղում։ Խորհրդային Միության փլուզումից հետո, շիկահողցի կանայք մնացին առանց աշխատանք, մի մասը սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ, շատ ընտանիքներ էլ տեղափոխվեցին Կապան։ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը անցած տարվա մարտին, երբ գյուղի կարիքներն էր քարտեզագրում, գյուղացիները առաջարկեցին կարի արտադրամաս բացել։ Գյուղապետարանի վարչական շենքը հիմնովին նորոգվեց ու մի հարկաբաժինը հատկացվեց կարի արտադրամասին։ Ընդհանուր ծրագիրը արժեցել է մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Առայժմ 14 մարդ է աշխատում արտադրամասում։ Պատվերներ կլինեն թե չէ՝ կառավարությունը ծրագրի շարունակելիությունը ապահովելու համար արտադրամասի աշխատակիցների մեկ տարվա աշխատավարձը վճարելու է։ «Մեկ տարի նվազագույն աշխատավարձի չափն է սահմանված, եւ դրանից հետո ինչքան արտադրանք կտան՝ կմեծանա աշխատավարձի չափը։ Ես ակնկալում եմ, որ մեկ տարի հետո մարդիկ արդեն կարող են խոսել շատ մեծ աշխատավարձի մասին»,-ասում է վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը։
Արտադրամասում աշխատող կանայք նախկինում աշխատել էին տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղում եւ տիրապետում էին կար ու ձեւի հմտություններին։ Փոքր քանակով արտադրանքը՝ անկողնու պարագաներն ու սրբիչներն արդեն շուկայականից ցածր գնով վաճառել են համագյուղացիներին։ Ցածր ինքնարժեքով վաճառքի հանելը հնարավորություն դարձավ միջազգային գործընկերների շնորհիվ, որոնք տրամադրել են հումքը։ «Առայժմ պիտակավորում չունենք, քանակը այդքան էլ մեծ չէ ու չենք մտել շուկա։ Բայց արդեն պատվերների դեպքում պիտակավորելու ենք եւ մտնելու ենք շուկա, ունենալու ենք մեր խորհրդանշանը։ Կարծում եմ մի քանի ամիս հետո արդեն, բոլորը կգնեն «Արտադրված է Շիկահողում» մակնշմամբ ապրանքներ»,-ասում է Նարե Ղազարյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ