Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդենիսի նորընտիր ավագանու անդամ.  «Տպավորություն է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ»

Հունվար 04,2022 12:21

Վաղ առավոտից մեծաքանակ ոստիկաններ, այդ թվում՝ բերետավորներ, շրջափակել են Վարդենիս խոշորացված համայնքի համայնքապետարանի մուտքը: Նրանք նորընտիր ավագանու անդամներին թույլ չեն տալիս մտնել համայնքապետարան, որտեղ նախատեսված է ավագանու «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքների միասնական քվեարկությամբ ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:

«Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ երդմնակալության արարողությունը օրինական լինելու համար անհրաժեշտ է, որ նիստին ներկա լինի ավագանու 14 անդամ, եւ իրենց ու «Ահարոն Խաչատրյան» դաշինքներն այդ քվորումն ապահովում են:

ՔՊ-ն, որը ընտրությունների արդյունքների ամփոփման արդյունքներով փոքրամասնություն է կազմել, համայնքապետի ընտրությունը տապալելու նպատակով չէր մասնակցել նիստին: ՔՊ-ն չի ընդունում Ահարոն Խաչատրյանի ընտրության արդյունքները եւ  պահանջել է համայնքապետի նոր ընտրություն կազմակերպել հունվարի 3-ին:

Ավագանու անդամներից  մեկը լրատվամիջոցներին ասաց. «Նայելով այս իրավիճակին՝ տպավորություն է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ, որովհետեւ դեկտեմբերի 30-ին ավագանու նիստը կայացավ օրենքի սահմաններում: Մենք, առաջնորդվելով սահմանադրական կանոններով, ավագանու նիստը կայացրինք: ՔՊ-ականները փորձում էին խոչընդոտել: Նաեւ միջամտում էր անմիջականորեն կառավարությունը, ոստիկանական զորքերը: Դա շատ վատ էր: Ինչեւէ, մեզ հաջողվեց բացատրել, ցույց տալ, որ նիստը պետք է կայանա ու կայացավ:

Մենք նախօրոք հայտարարել ենք եւ կայքում տեղադրվել է, որ այսօր երդմնակալության արարողությունը լինելու է: Ես կարծում եմ,  որ եթե ամեն ինչը սահմանադրական կանոններին համապատասխան է, մեր ոստիկանները պարտավոր են ոչ թե փակել քաղաքապետարանի մուտքը, այլ պարտավոր են ապահովել պայմաններ, որպեսզի առանց որեւէ խոչընդոտի այդ նիստը եւ երդմնակալության արարողությունը կայանան: Չեմ կարծում, թե որեւէ գիտակից մարդ կընդունի այս իրավիճակը: Ես սա համարում եմ կառավարության կողմից  սահմանադրության ոտնահարում: Եթե սահմանադրության ոտնահարում կատարում է որեւէ մեկը, դրա համար դատապարտվում է, բայց եթե դա անում է կառավարությունը, ես դատապարտում եմ կառավարության այս քայլերը»  :

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    ՔՊ-ն գեազանցեց բոլոր նախկնիններին ու դարձավ ամենանախկինը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31