«Ազատություն». Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, թե արդեն գրեթե պատրաստ է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների ապաշրջափակման միասնական փաթեթը: Նրա խոսքով՝ այսօր ընթանում են այդ փաթեթը վերջնական տեսքի հասցնելու աշխատանքներ:
Պաշտոնական Մոսկվան վերջին ամիսներին պարբերաբար շեշտում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը, թեև նախկինի պես հայտարարություններն անում է ընդհանուր դիվանագիտական ոճի մեջ՝ խուսափելով հստակ ձևակերպումներից։
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում կարևորագույն ուղղություններից մեկը՝ տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է։ Խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական կոնկրետ օգուտ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այդ գործընթացի անմիջական մասնակիցն է», – նշել է Ռուդենկոն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը շեշտում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար կարևոր դեր է խաղացել Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Կարդացեք նաև
Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Սոչիում ձեռք բերած պայմանավորվածությունների մանրամասները այսօր էլ հայտնի չեն: Պուտինը եռակողմ բանակցություններից հետո հայտարարել էր, թե մանրամասները կհայտնեն դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ աշխատանքային խմբի նիստին։ Նիստը կայացել էր, սակայն որևէ հայտարարություն չէր եղել։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեկտեմբերի կեսերին Բրյուսելում կայացած բանակցություններից հետո խոսել են տրանսպորտային ապաշրջափակման հարցում առաջխաղացման մասին, սակայն հիմնական հարցը մնում է անորոշ՝ ի՞նչ տրամաբանությամբ են գործելու կառուցվելիք և վերաբացվելիք ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները։ Նույնիսկ ՏԱՍՍ-ի լրագրողն իր հարցը Ռուդենկոյին այսպես էր ձևակերպել․ «Բաքուն պնդում է Նախիջևանում տրանսպորտային միջանցք լինի, իսկ Երևանը դեմ է իր տարածքում միջանցք ստեղծելուն։ Կա՞ արդյոք երկու կողմերի համար փոխադարձ ընդունելի երրորդ տարբերակը»։
Փոխադարձ ընդունելի երրորդ տարբերակի մասին հարցազրույցում Ռուդենկոն չի խոսել, նշել է միայն, որ «եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար։ Այժմ աշխատանքներ են ընթանում միասնական փաթեթը հղկելու շուրջ»։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել էր, թե Մոսկվան ուշադրություն է դարձնում համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման արագ ավարտին և կոնկրետ նախագծերի գործարկմանը։
Ե՞րբ և ի՞նչ ձևաչափով է կազմակերպելու Մոսկվան այս տարվա առաջին հայ-ադրբեջանական բանակցություններն իր միջնորդությամբ, դեռ հայտնի չէ, պաշտոնական Երևանը նույնպես մանրամասներ չի հայտնում: Սակայն հայտնի է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների առաջին հանդիպումը հայկական կողմի ցանկությամբ անցնելու է Մոսկվայում։
Ազա ԲԱԲԱՅԱՆ
«Ազատություն»