Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը երբեմն կերթևեկի միկրոավտոբուսներով․ տրանսպորտային համակարգը խայտառակ վիճակում է

Հունվար 03,2022 18:10
ertuxayin

Գյումրու տրանսպորտն աշխատում է սարսափելի մեծ ծանրաբեռնվածությամբ՝ մեծ վտանգ ստեղծելով ուղևորների  անվտանգության, կորոնավիրուսի պայմաններում էլ, բնականաբար, նաև առողջության համար։

Մեր փորձով փաստենք, որ տոներին՝ այս երկու օրվա ընթացքում, նույն կերպ է աշխատել, եթե ոչ ավելի վատ` ուղևորներին  ստիպելով կանգառներում ժամերով սպասել ու ամեն վայրկյան շուռ գալու վտանգը զգալ։

Չխոսենք նաև այն մասին, որ շաբաթ-կիրակի օրերին ժամը 18․00-ից հետո որևէ տրանսպորտային միջոց չի աշխատում, հաշվի չեն առնում նաև այն հանգամանքը, որ թատրոնում ներկայացում կամ միջոցառում կա։ Ի դեպ, Նիկոլայ Ծատուրյանն այս թեման բարձրաձայնել է՝ ցավով նշելով, որ երբեմն  հանդիսատեսը ներկայացման կեսից լքում է դահլիճը՝ պատճառաբանելով, որ հետո տրանսպորտ չի լինի։

Ինչևէ, գյումրեցիները նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից թերևս որպես ամենաառաջնային խնդիր ակնկալում էին հենց այս հարցի լուծումը։ Սակայն մինչ այս պահը ոչ միայն նոր միկրոավտոբուսների գործարկումն է ձգձգվում, այլ  հների նորմալ աշխատանքը չի կարգավորվում։

Բնակիչներից բազմաթիվ բողոքներ ստանում է նաև նոր քաղաքապետը, վերջինս մինչ նոր ցանցի գործարկումը որոշել է վերահսկողական մեխանիզմ սահմանել, սկսվել են  հանդիպումներ գիծը շահած ՍՊԸ-ների ղեկավարների հետ՝ պատճառները հասկանալու համար։

Ըստ քաղաքապետի, մեքենաները հնացել են, խնդիրները շատ են՝ մեքենա չկա, վարորդ չկա,  բայց դա չի արդարացնում նման գործելակերպը, այս ամենը պիտի կարգավորել։

Վերջինս քաղաքացիներին առաջարկում է միկրոավտոբուսների մեջ փակցված թեժ գծին ևս զանգահարել, որպեսզի քաղաքապետարանի տրանսպորտային բաժինը գրառումներ անի ու իրենց ձեռքի տակ փաստեր լինեն։ Քաղաքապետն ասում  է՝ ինքը հաճախակի է վերցնում գրառումների գիրքը ու ուսումնասիրում, բացի այդ պատրաստվում է երթևեկել միկրոավտոբուսներով։

«Գնամ, նստեմ, տեսնեմ՝ ինչ է կատարվում, ընդունենք թվով 10 երթուղի է, տեսնեմ՝ ի՞նչ է կատարվում, պատահական կգնամ, կհասկանամ, թե խնդիրը որն է։ Գուցե կան փողոցներ, որոնք անբարեկարգ են, բայց եթե համեմատենք  մի քանի տարի առաջվա հետ, շատ-շատ փողոցներ մենք բարեկարգել ենք ու բարեկարգում ենք, այդ խնդիրն արդեն հանված է։ Բայց եթե կա նման խնդիր, արագ խճապատում ենք՝ կոմունալ բաժինը տրանսպորտի բաժնի հետ օպերատիվ համագործակցում է։

Մենք  պիտի հասնենք նրան, որ վարորդներին ստիպենք բարեհամբյուր լինել, չծխել։

Իհարկե, նոր միկրոավտոբուսների գործարկման դեպքում սրանք պարտադիր պայմաններ են։ Իսկ հիմա կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկելու, որովհետև հարցը միանգամից չի լուծվելու, որ ասենք կախարդական փայտիկով խփեք, վերանա։

Իմ առաջարկով մի մեխանիզմ կա, եթե կարողանանք ներդնել, վերահսկելի կդարձնենք, թեկուզ ՍՊԸ-ի աշխատանքը, կտեսնենք՝ որ մեքենան քանի րոպեն մեկ է մոտենում տվյալ կանգառին, ընդհանուր երթուղին քանի րոպեում է անցնելու, թվով քանիսն են շահագործվում։

Մինչև նորի շահագործումը՝ սա պարտադիր պիտի կարգավորենք, հնարավոր է նորերի շահագործումը մի քանի ամիս ձգձգվի, բայց անընդհատ դժգոհություններ չենք լսելու, լուծում ենք տալու», -ասաց Վարդգես Սամսոնյանը։

Վարդգես Սամսոնյանն Aravot.am-ին նոր տրանսպորտային համակարգի ներդրման շուրջ ևս պարզաբանումներ ներկայացրեց։

Ըստ նրա, թեև Գյումրին ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս, սակայն դրանք բավարար չեն  ողջ քաղաքի համար, հետևաբար և այս տարի՝ 2022 թվականին նորերը կգնեն, կավելացնեն քանակը։

«Փաստացի ունենք 63 հատ նոր, ռուսական «գազելներ», որոնք բարձր են, հարմարավետ, սակայն այս քանակը բավարար չէ, ամբողջ ցանցի համար մոտ 85 միկրոավտոբուս է անհրաժեշտ։

Ցանցի կառուցման աշխատանքները 80 տոկոսով են արված, կփորձենք հնարավորինս արագ՝ երևի թե գարնանը շահագործել», -ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետարանը  այդ նոր  միկրոավտոբուսները ձեռք է բերել ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50% հարաբերակցությամբ)։ Դրանցից 4-ը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31