ParsToday – ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է. «Գեներալ Սոլեյմանին իր ուրույն դերակատարությունն է ունեցել ԻԻՀ սկզբունքային քաղաքականության իրականացման հարցում և տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ: Նա պայքարել է միջազգային ահաբեկչության և ահաբեկչական խմբերի գործողությունների դեմ, ինչի շնորհիվ հռչակվել է ահաբեկչության դեմ պայքարի հերոս և խաղաղության ասպետ:
Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները, վարելով երկստանդարտ քաղաքականություն և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ կեղծ հայտարարություններով, դիմեց միջազգային օրենքներին ու սկզբունքներին հակասող հանցագործ քայլի և ահաբեկչական գործողության ընթացքում սպանեց ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյային, ով հյուրընկալվել էր Իրաքում:
Ահաբեկչության դեմ պայքարի հերոսի դեմ ուղղված ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաների այս քայլն ահաբեկչական խմբավորումներին ուղղված աջակցություն էր, ապացուցելով, որ ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդները ստում են:
Կարդացեք նաև
Գեներալ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և նրանց ուղեկիցների նահատակությունը ոչ միայն չնվազեցրեց Դիմադրության առանցքի հզորությունը, այլ նպաստեց Իրանում միասնության ամրապնդմանն ու ավելի հստակեցրեց Դիմադրության ռազմավարությունը:
Ի պատասխան այս ահաբեկչական գործողության, ԻԻՀ զինված ուժերը հրթիռակոծեցին Իրաքի Այն ալ-Ասադ ռազմակայանը, որտեղ տեղակայված էին ամերիկյան ուժերը: Այդ պատասխանի արդյունքում հավասարումները փոխվեցին և ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմավարությունը պարտության մատնվեց: Ամերիկյան ուժերը փախուստի դիմեցին Աֆղանստանից, իսկ դրանից հետո սկսվեց ամերիկյան ուժերի դուրսբերումն Իրաքից: Փոփոխության ենթարկվեց նաև Պարսից ծոցի գեոստրատեգիական տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարությունը: Անշուշտ, ԱՄՆ-ի այս հանցագործ քայլի պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը: Միջազգային իրավական սկզբունքների համաձայն, ԱՄՆ կառավարությունը միջազգային պատասխանատվություն է կրում այս կապակցությամբ:
ԻԻՀ ԱԳ նախարարությունը ոչ մի ջանք չի խնայելու, որպեսզի հանցագործները պատասխանատվության ենթարկվեն: Նախարարությունն այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկվել, որոնք ներկայացվել են նաև Իրանի ժողովրդին: Այս քայլերը եղել են քաղաքական, իրավաբանական, միջազգային ու դիվանագիտական: Առաջին հերթին որոշակի քայլեր են ձեռնարկվել՝ կանխելու ԱՄՆ-ի կողմից ճշմարտության խեղաթյուրումը, որոնց շրջանակում, միջազգային մակարդակով, դատապարտվել է ԱՄՆ կառավարության հանցագործ քայլը: Սպանության հետաքննությունը շարունակվում է և այն իրականացնում է Իրանի ու Իրաքի դատական համատեղ կոմիտեն:
Իրանը մշտապես ջանքեր է գործադրել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ: Եվ Իրանի նոր կառավարությունը սեղմում է հարևանների ձեռքը՝ կայուն ու մշտական համագործակցության և տարածաշրջանի երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու ու զարգացնելու նպատակով: Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են տարածաշրջանի ժողովուրդների ու կառավարությունների կողքին և ամեն ինչ անելու են՝ տարածաշրջանի և իսլամ աշխարհի տարածքային ամբողջականությունը, կայուն խաղաղությունը, անվտանգությունն ու առաջընթացը պահպանելու ուղղությամբ»: