Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօր ավագանու արտահերթ նիստ են հրավիրել։ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ արտահերթ նիստ հրավիրելու լիազորություն չկա․ «Արտահերթ նիստի համար պետք է 14 մանդատ։ ՔՊ-ն ունի 13 մանդատ»։
Նա նշեց, որ ավելի վաղ ավագանու նիստը կայացել է դեկտեմբերի երեսունին, օրակարգի երեք հարցերն էլ սպառվել են․ «Համայնքի ղեկավարն ընտրված է։ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունը նշանակվել է վաղը՝ հունվարի 4-ին, ժամը 11։00-ին։ Նստաշրջանի բացման օրը նույնպես վաղն է։ Հիմա մենք նախապատրաստվում ենք վաղը երդմնակալության արարողություն իրականացնելու։ Աշխատակազմը մեր էլեկտրոնային արձանագրություններն արդեն իսկ ուղարկել է մարզպետարան։ Ակնկալում ենք, որ շուտով կտեղադրվի մարզպետարանի կայքում։ Միաժամանակ, աշխատակազմի կողմից մեզ են ուղարկվել հրավերները։ Օրակարգի միակ հարցը համայնքի ղեկավարի երդմնակալությունն է։ Շուտով «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքների էջերում հրավերները կտեղադրվեն։ Հրավերներն ուղարկված են ավագանիներին»։
Հետաքրքրվեցինք, թե երդմնակալության կայացման համար որքա՞ն քվորում պետք է ապահովվի, որեւէ խնդիր հնարավո՞ր է նախանշել։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ քվորում ապահովելու համար պետք է 14 մանդատ, ինչը երկու դաշինքները միասին ունեն․ «Ոչ մի խնդիր չկա։ 14 ավագանիներն ընտրել են համայնքի ղեկավարին։ Ավագանու 14 անդամները բավարար են, որպեսզի քվորում լինի, եւ ավագանու որոշում կայացվի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ