Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյություն չունի որևէ պաշտոնական օրենք կամ կանոն, որը պարտավորեցնում է պետություններին պայմանագրով սահմանազատել իրենց միջազգային սահմանները»

Հունվար 03,2022 15:37
andrkovkaz

Սահմանների… տեղաբաշխում, զատում, որոշում, կառավարում

Թեև միջազգային սահմանները միջպետական հարաբերությունների և իրադարձությունների համայնապատկերում կարևոր դեր են խաղում, սահմանաստեղծման միջազգայնորեն համաձայնեցված մոդել գոյություն չունի։ Վերջին ժամանակներս անընդհատ հոլովվող սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) փուլերից բացի ամենալայն տարածում ունեցող քառափուլ մոդելը նաև ներառում է տեղաբաշխման (ալոկացիա) և սահմանների կառավարման փուլերը։ Տե՛ս, օրինակ, Դուրհամի համալսարանի Միջազգային սահմանների հետազոտական բաժնի հրատարակած ամփոփ նկարագիրը կամ Չափագրողների միջազգային ֆեդերացիայի ձեռնարկը։ Ընդ որում, սահմանների տեղաբաշխումն առաջին փուլն է գծային կամ փուլային տրամաբանություն ունեցող այս գործընթացում։

Տեղաբաշխման փուլը հաճախ զինվորների, պետական գործիչների ու դիվանագետների ձեռքում է, ովքեր խոշոր հաշվով համաձայնության են գալիս, թե որտեղ կցանկանային տեսնել միջպետական սահմանները։ Թեև Հայաստանի տարածքից շուրջ 40 քկմ տարածք ադրբեջանցիներին «վստահելը» ոչ մի լավ բան չի ավետում, սա կարող է չարորակ սկիզբ հանդիսանալ սահմանազատման գործընթացի համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ միջազգային սահմանները լայնություն չունեն, իսկ սահմանների մասին պայմանագրում օգտագործվող տեղագրական կետերին չափեր չեն վերագրվում։ Քանի որ միջազգային սահմանների երկայնքով փորվում են տասնյակ կամ ավելի մետր լայնությամբ խրամատներ, կառուցվում պարիսպներ կամ այլ պատնեշներ, թյուր կարծիք կա, որ օրինական սահմանագիծը որոշակի լայնություն ունի։

Իսրայելի և Հորդանանի միջև 1949թ․ զինադադարի գիծը քարտեզի վրա քաշել էին կապույտ հաստ մատիտով։ Թյուրիմացության շահարկման հետևանքով մատիտի հաստությունը մեկնաբանվել էր, որպես 250 մետրի համարժեք լայնություն ունեցող տարածք՝ ընդգրկելով գյուղեր, ճանապարհներ և այգիներ: Այս նույն թյուր կարծիքից են օգտվում և պարտվածի վախն են շահարկում ադրբեջանցիները` կոպտորեն խախտելով ուժի չկիրառման միջազգային դրույթը։

Սահմանաստեղծման աշխատանքներին համաձայնվելը ինքնիշխան պետությունների իրավասության շրջանակներում է։ Հարկավոր է ընդգծել, որ գոյություն չունի որևէ պաշտոնական օրենք կամ կանոն, որը պարտավորեցնում է պետություններին պայմանգրով սահմանազատել իրենց միջազգային սահմանները և ոչ էլ սահմանագծել։ Սահմանազատումը համարվում է ինքնիշխան պետություններին վերապահված գործողություն, այդ իսկ պատճառով Իրաքը 2018թ․ կարևոր համարեց անհապաղ և կտրականապես հերքել, որ համաձայնություն է տվել սահմանազատել այն տարածքը, որտեղ 2017թ․ քրդերը քվեարկել էին ինքնավարություն հաստատելու համար: Իրաքյան Քրդստանի՝ որպես ինքնիշխան պետության, ուրվագծերն գնալով անհերքելի են դառնում, և շատերն են համոզված, որ ԱՄՆ-ն Իրաքի պետականության կազմաքանդման համար խղճի խայթն անպայման կհաղթահարի և ոչ հեռավոր ապագայում։ Ցավալի է, որ ազգերի ինքնորոշման իրավունքից այսքան հոժարակամությամբ է հրաժարվում ներկայիս վարչակազմը՝ խոսելով Արցախի ու արցախցիների անունից։

Սահմանազատումը կամ դելիմիտացիան ընդգրկում է նախապատրաստական ​​աշխատանքները, ինչպես նաև պայմանագրում բառերով կամ քարտեզների վրա սահմանները նշելով դրանք որոշելու գործընթացը, մինչդեռ սահմանազատումը կամ դեմարկացիան պայմանագրի ստորագրումից հետո սահմանի ֆիզիկական տեղորոշումն ու տարբերակիչ նշանների տեղադրումն է։

Պետք է նկատի ունենալ, որ ստորագրված պայմանագրերին կից ներկայացվող տարբեր օժանդակ փաստաթղթերը, օրինակ գծագրեր, քարտեզներ և այլն, օրինական ուժ ունեն միայն այն դեպքում, եթե ներառված է հենց պայմանագրի մեջ: Միջազգային պրակտիկայում քիչ չեն միայն տեքստով բավարարվող սահմանազատման պայմանագրերը։ Կան նաև դեպքեր, երբ պայմանագրերին կցված քարտեզները չեն հրապարակվել։ Օրինակ, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև  1974թ․ կնքված սահմանազատման մասին համաձայնագրի ճշգրիտ մանրամասները 20 տարի պահվել են գաղտնի։ Ըստ էության, սաուդցիներին հանձնվել էին ափամերձ տարածքներ։ Ժողովրդավարության սկզբունքները հարգող հայ ժողովրդին պետք է անընդունելի լինի այն, ինչ իրենց թույլ են տալիս արաբական միապետները։

Սահմանները զատելուց և տեղագծելուց հետո գալիս է սահմանների կառավարման, վարչական սպասարկման, ինչպես նաև պարեկության ու պաշտպանության ապահովման փուլը։  Սահմանների մասին անդադար խոսելու համատեքստում վաղաժամ կլիներ մոռանալ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միջսահմանային մաքսանենգության և մարդկանց առևանգման դեպքերի մասին։ Համաշխարհային տենդենցների շնորհիվ ավելի է կարևորվում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը։ Եթե 19-րդ և 20-րդ դարում հնարավոր էր սահմանների որոշման կամ պարտադրման գործընթացներում աչք փակել մարդու իրավունքների խախտումների վրա, ապա Թուրքիայի և Ադրբեջանի պետական աջակցությամբ սիրիացի վարձկանների մաքսանենգությունը վտանգավոր միջադեպ է և վստահություն չի ներշնչում ապահով սահմանների ստեղծելու հեռանկարի համար։ Վարձկանների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը հրապարակել է ծավալուն զեկույցներ, որոնք հաստատում են, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, սիրիացի վարձկանների է ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այդ թվում՝ առաջնագծում։

Այս ճակատագրական շրջանում բոլորիցս աչալրջություն է պահանջվում։

Լուսանկարը՝ https://www.kavkaz-uzel.eu/blogs/83781/posts/39124 կայքէջից:

Աննա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Թովմասյան says:

    2017 թվականին ԵԱՀԿ-ն ընդունել է փաստաթուղթ պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ /հղումը՝ https://www.osce.org/ru/secretariat/363471/: Լավ կլիներ, որ մեր պետական այրերը ծանոթանային այդ փաստաթղթին՝ գոնե պատկերացնելու համար, թե ինչ բարդ ու բազմաքայլ գործընթացներ են անհրաժեշտ այդ խնդիրները լուծելու համար և քարտեզներից բացի ինչ գործոններ պետք է հաշվի առնվեն այդ գործընթացներում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31