Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մեջ կան կռված տղերք, հեղափոխությանը մասնակցածներ, հիմա արդեն պե՞տք չենք»․ անօթեւանները վարչապետին խնդրանք ունեն

Հունվար 03,2022 13:05

«Դեկտեմբերի 31-ին պարոն Քյոսեյանը եկավ, ավտոբուսներ բերեց, որ մեղ տեղափոխեն 4-րդ գյուղ։ Մենք հրաժարվեցինք մի պարզ պատճառով։ 4-րդ գյուղի պայմաններին շատ լավ ծանոթ ենք, չենք ուզում»,-ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց Վարդաշենի տուն-ինտերնատի շահառուներից մեկը։ Շահառուները դեռեւս դեկտեմբերի 31-ին պետք է տեղափոխված լինեին թիվ 1 տուն-ինտերնատ, բայց համաձայն չեն։

«Չենք ուզում այդտեղ տեղափոխվել։ Բացի այդ, կառավարության որոշում գոյություն չունի։ Խնդրանքով դիմում ենք կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Չէ՞ որ մենք իրեն այդքան ձայն ենք տվել։ Մեր խնդրանքն է, որ գան ու մեր կազմակերպության հետ գոնե վեց ամսով պայմանագիրը երկարեցնեն։ Մենք չենք մասնակցել այդ մրցույթին։ Մենք 93 շահառուներ ենք, որոնցից մոտ հիսունն այստեղ են, իսկ մնացածն անկողնային հիվանդ են։ Ձմեռվա կես է, գոնե վեց ամսով երկարեցնեին պայմանագիրը։ Հետո ամառ կլինի, աստված մեծ է, մի բան կլինի, մրցույթ կհայտարարվի։ Ուժները մեր վրա է պատո՞ւմ»,-հարցադրում արեց տղամարդը։

Անօթեւանները վստահեցրին, որ ապրելու ներկայիս պայմաններն իրենց բավարարում են, կահավորանքի ակնկալիք չունեն․ «2018թ․-ին կառավարությունը մեր կազմակերպության հետ պայմանագիրը կնքել է ապրիլին, այսինքն՝ մենք չորս ամիս մնացել ենք այդ շենքում։ Հետո հայտարարվել է մրցույթ, մեր կազմակերպությունը՝ բարեգործական հիմնադրամը, շահել է։ Մենք փողոցում էինք ապրում, իրենք մեզ տուն ու տանիք են տվել, մենք ընտանիք ենք դարձել։ Մեր մեջ կան հայրենիքը պաշտպանած, կռված տղերք, հեղափոխությանը մասնակցած տղերք, հիմա արդեն պե՞տք չենք։ Քառասուն հաշմանդամություն ունեցող ունենք։ Գոնե վեց ամսով երկարեցնեն»։

Հիշեցնենք՝ տոներից առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ կհոգա «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շահառուների տեղափոխումը «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք, իսկ մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հիմնադրամը թույլ է տվել մի շարք լուրջ խախտումներ և բացթողումներ, շահառուների ընտրությունն իրականացրել է օրենսդրության կոպիտ խախտումներով․ օրինակ՝ որպես շահառու ընդգրկվել են քաղաքացիներ, ովքեր ոչ հաշմանդամություն ունեցող անձ են և ոչ էլ տարեց, բացի այդ, եղել են նաև քաղաքացիներ՝ տուբերկուլյոզ կամ շիզոֆրենիա ախտորոշմամբ։

Քիչ ուշ հիմնադրամի շահառուներից եւ աշխատակիցներից երկուսը հրավիրվեցին նախարարություն՝ զրուցելու եւ հարցը քննարկելու։ Լրագրողներին մասնակցել չթույլատրվեց։ Անօթեւանները պնդեցին, որ կամ լրագրողների հետ են երկու հոգով գնում, կամ գնում են բոլորով։ Նախարարության աշխատակից ներկայացած երիտասարդը մերժեց առաջարկը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31