Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սեւան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։
Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել Սեւան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին: Նիշանյանը դեկտեմբերի 30-ին ձերբակալվել է կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով: Նշվում է, որ Նիշանյանին Թուրքիա արտաքսելու որոշում է կայացվելու:
Հիշեցնենք, որ 2017թ.-ի հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում 11 տարով ազատազրկված Սևան Նիշանյանը, որն իր պատիժը կրում է 2014-ից, փախել է բանտից և հեռացել երկրից: Այնուհետև հայտնի դարձավ, որ նա քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: 2019թ․ Նշանյանը ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։
Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն էր արել: Մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: