Լրահոս
Օրվա լրահոսը

2021 թ․-ին Հայաստանում գրանցված գնաճը գերազանցել է կառավարության կանխատեսումները

Հունվար 03,2022 10:28

Jam-news.net. 2021 թ․-ին Հայաստանում գրանցված գնաճը գերազանցել է կառավարության կանխատեսումները։ Դեկտեմբերի 30-ին գործադիրի տարեվերջյան նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին տված ասուլիսում էկոնոմիկայի նախարարն ասել էր, թե երկնիշ տնտեսական աճի մասին խոսելիս նման բարձր գնաճ չէր կանխատեսել։

Տնտեսական աճի, գնաճի, տրված խոստումների ու արված աշխատանքի մասին

Կառավարության ղեկավարը գնաճի բարձր մակարդակը բացատրում է կորոնավիրուսի հետևանքներով։ Ասում է՝ խնդիրների է բախվել ինչպես համաշխարհային տնտեսությունը, այնպես էլ Հայաստանը։

«Քանի որ 2020 թ․-ին արտադրական ձեռնարկությունները ամիսներով չեն աշխատել, արտադրանքի կրճատում է տեղի ունեցել, և երբ որ պահանջարկը վերականգնվել է, այն ավելին է եղել, քան առաջարկը»,– նշել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը խնդիրը ներկայացրել է պարեկային ոստիկանության համար ձեռքբերվելիք ավտոմեքենաների օրինակով․

«Պարզվեց՝ շուկայում մեքենաների դեֆիցիտ կա, և մենք շատ մեծ բարդությունների առաջ ենք կանգնում։ Մեքենաների, չիպերի, ամեն ինչի դեֆիցիտ կա, և որպես հետևանք՝ գներն աճում են»։

Գործադիրի տարեվերջյան նիստի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 30-ի դրությամբ՝  2021 թ․–ի պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 146 մլրդ դրամով։

ՊԵԿ նախագահը խոսել է «ռեկորդային» վերադարձի ցուցանիշների մասին՝ նշելով, որ հարկ վճարողներին վերադարձվել է 182 մլրդ դրամ, հիմնականում՝ ԱԱՀ–ի գծով։

Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2020 թ․–ի համեմատ այս տարվա բյուջեի եկամուտներն աճել են 200.5 մլրդ դրամով կամ 14.5%-ով, իսկ 2019 թ․-ի համեմատ՝ 121.4 մլրդ–ով կամ 8.3%-ով։

Տարվա արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց էկոնոմիկայի նախարարը խոստովանել է՝ սպասումներն ավելի դրական էին, քան «այն, ինչ ունեցանք տարեվերջին»։

Կարծում է՝ ահռելի բարձր գնաճը պահանջարկի վերականգնման հետևանքն էր, հենց դա էլ «էականորեն կրճատեց իրական աճը անվանական աճի նկատմամբ»։

«Ես կարծում էի, որ մենք կունենանք բարձր աճ, ու այդ հաշվարկի մեջ դժվար էր ենթադրել, որ մենք կունենանք այսպիսի բարձր գնաճ», — առցանց մամուլի ասուլիսում նշել է նախարար Վահան Քերոբյանն ու հավելել, որ նախորդ տարվա նոյեմբերին գնաճը եղել է 1%-ի շրջանակներում, իսկ դեկտեմբերին` 3.8%-ի։

Քերոբյանի խոսքով՝ եթե լիներ նորմալ գնաճ, երկրի տնտեսությունն ավելի մոտ կլիներ երկնիշ աճին, քան հիմա է։

Լրագրողները նախարարին հիշեցրել են երկնիշ տնտեսական աճի մասին իր կանխատեսումները։ Քերոբյանն ասել է՝ պատերազմից ու համավարակից հետո պետք էր մարդկանց լավատեսություն ներշնչել։ Նախարարի գնահատմամբ՝ իր հաղորդած «շոկային օպտիմիզմն» արդյունավետ է եղել։

Մարտ ամսին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021 թ․-ի համար երկնիշ տնտեսական աճ էր խոստացել՝ հայտարարելով, որ եթե չկարողանա այն ապահովել, հրաժարական կտա։

Նախարար Քերոբյանը հրաժարականի խոստմանը վերաբերող հարցերին խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, թե՝ եթե վարչապետը կամ քաղաքական թիմը դժգոհ լինեն իր աշխատանքից «ոչ էլ կսպասեն հրաժարականին»։

2021 թ․-ի պետական բյուջեով տարվա համար նախատեսված էր 3.2% տնտեսական աճ` նախորդ տարվա 7%-անոց անկման դիմաց, ինչը ենթադրում է շուրջ 10%-անոց աճ։ Կենտրոնական բանկի (դեկտեմբերի 14-ի դրությամբ) կանխատեսման համաձայն՝ տարեկան աճը կկազմի 4.2%։

Հուլիսի 1-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր 6% տնտեսական աճի մասին։ Օգոստոսին ընդունված կառավարության 5-ամյա ծրագրով` այս տարվա համար նախատեսված է առնվազն 7% աճ։

Փորձագիտական կարծիք

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ այս տարվա ընթացքում չենք կարողանալու վերականգնել 2020 թ․-ի 7․4% անկումը։

Տնտեսագետը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն՝ 2021 թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 5․2 տոկոսով։

«Այս աճը հիմնականում պայմանավորված է անցած տարվա նոյեմբեր ամսվա զգալի անկման ցուցանիշներով։  Պետք է փաստենք, որ այս տարվա ընթացքում չենք կարողանալու վերականգնել անցած տարվա 7․4% անկումը։ Այսինքն՝ 2021 թ․-ի ընթացքում Հայաստանի տնտեսությունը չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել», — գրել է Պարսյանը։

Ավելի վաղ տնտեսագետը նշել էր, որ գնաճի պատճառը սննդամթերքի միջազգային գների բարձրացումն է, ինչպես նաև «գյուղոլորտում կառավարության ձախողված քաղաքականությունը», ինչն էլ հանգեցրել է տեղական արտադրության ծավալների կրճատման։

«Երկնիշ տնտեսական աճի փոխարեն մենք ունենք երկնիշ գնաճ այս պահին», — ընդգծել էր տնտեսագետը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31