Քաղցրավենիք, հյութեր, ծխախոտ, լապտերիկներ, սրճեփ եւ այլ անհրաժեշտ պարագաներ՝ Սյունիքի մարզում տեղակայված մարտական հենակետերի ծառայողներին։ Ձմեռ պապի դերն այս անգամ ստանձնել էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։ Օրեր առաջ ցանկության մասին պատմեց ընկերներին, ու արդյունքում՝ Ամանորի ծանրոցներն անձամբ հասցրին առաջնագիծ։ Նախաձեռնությանը միացել էր նաեւ «Մարիլա» ընկերությունը։ Ասում է՝ սա առաջին անգամ չէ, նույնիսկ մի տարի դեկտեմբերի 31-ի գիշերն են դիրքերում դիմավորել Ամանորը։
«Ստեղ ավելի զուսպ, ավելի հպարտ ձեւով ենք մենք դիմավորում Ամանորը, մեզ վրա լիքը պատասխանատվություն կա, այն՝ որ մենք ստեղ կանգնած ենք ու ամբողջ ազգը կարող է նոր տարի անի, մենք դրանով մեզ լավ ենք զգում»,-ասում է երեւանցի Ռազմիկ Պետրոսյանը։ Նա 15 օրից զորացրվում է, 44-օրյա պատերազմի մասնակից է, իր խոսքով՝ շատ բան է տեսել այս երկու տարվա մեջ, կոփվել է։ Հենակետերում տոնածառ չեն դրել։ «Ընկերներ ենք կորցրել, տոնածառ կարծում եմ պիտի դնեն երեխաներ ունեցող ընտանիքները, որպեսզի ուրախանան փոքրերը»,-մեծի իրավունքով ասում է 20-ամյա Ռազմիկը։ Տոնածառերի փոխարեն իրենց ձեռքով պատրաստած մատուռներում մոմ են վառել։
Ռազմիկի հետ մի քանի հոգի էլ են զորացրվելու, փորձում են առաջիկա օրերը օգտագործել, եւ շատ բան սովորեցնել նորակոչիկներին։ «Նոր եկողներին մի բան ասեմ՝ թող իրենք հանգիստ լինեն, որովհետեւ իրենք գալիս են աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկում՝ Հայաստանի զինված ուժերում ծառայելու։ Թող առողջ լինեն, ուշադիր լինեն ու անփորձանք հասնեն իրենց ծնողներին»,-ասում է Ռազմիկ Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Հենակետերից մեկում զինվորները փայտ էին կտրում։ Հյուրերից երկուսը՝ Գագիկն ու Գեորգին միանում են տղաներին՝ օգնում։ Զինվորներից՝ Ամատը խորհուրդներ է տալիս։ «Չէ, հոպար ջան, ավելի լավ է մենք անենք, էդպես արագ կստացվի, մթնում է»,–ասում է նա՝ վերցնելով սղոցը։ Հրամանատարը առաջարկում է՝ եթե հնարավոր է, էլեկտրական սղոցներ տրամադրեն հենակետերին։ Մարզային իշխանության ներկայացուցիչը խոստանում է՝ հարցը քննարկել իրավասու կառույցների հետ։
Հենակետերը կահավորվել են, տարբերությունը զգալի է։ Զինվոր պատանիները դժգոհ չեն. կարեւորը անառիկ են սահմանները, հակառակորդը խելոք է մնում։ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մարտունեցի Լեւոն Անտոնյանը նկատում է՝ «խելոք չմնան, ինչ պիտի անեն, մենք ուժեղ ենք»։ Մեկ տարի 6 ամիս՝ ծառայության մեջ է։ «Թող այս տարում Աստված տա իրենց նպատակները կատարվեն։ Բոլորս ունենանք մարտական ոգի եւ լիքը ակնկալիքներ նոր տարուց»,-ասում է Լեւոնը։
Էջմիածնից՝ Ռազմիկ Ասրյանն առաջին անգամ է Ամանորը տնից դուրս դիմավորում։ 10 ամսվա ծառայող է, տնեցիները նոր տարվա ծանրոցը ուղարկել են։ Չուղարկեին էլ՝արտառոց ոչինչ չէր լինի։ «Ամանորը դիրքերում եմ դիմավորելու՝ ընկերներիս հետ՝ մեծ շուքով, թող հայ ազգը ուժեղ լինի, հաջողակ տարի լինի բոլորիս ու սփյուռքի համար, ամենալավ բաները մեր ազգին եմ ցանկանում»,-ասում է նա։ «Ցանկանում եմ, որ գալիք 2022թվականը հայ ազգի համար լինի խաղաղ, բարեհաջող տարի, որ Հայաստանի Հանրապետության սահմանները լինեն անառիկ, հայ մանուկները լինեն երջանիկ ու անհոգ»,-զորացրվող Ռազմիկի ցանկությունն է։
Զինվորները փորձում են շնորհակալություն հայտնել իրենց այցի եկած հյուրերին։ Նարեկ Բաբայանն ընդհատում է՝ «մենք ենք ձեզ շնորհակալ, ախպերս, մեր պարտականությունն է»։ Հենակետ եկած հյուրերը սուրճ են հյուրասիրում։ «Կրակի վրա եփած զինվորական սուրճը ուրիշ է, թունդ է»,-ասում են զինվորները։ Դանդաղ է եփվում։ Հյուրերը ժամանակ խնայելու համար առաջարկում են մյուս հենակետը գնալ եւ վերադառնալիս՝ համտեսել սուրճը։
«Տղերք ջան, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ այս ծանր շրջանում ծառայում եք հայրենիքին։ Բոլորիդ նոր տարին շնորհավոր, բոլորիդ ընտանիքներին՝ երջանկություն, դուք էլ բարով, խերով ծառայեք, հասնեք ձեր ընտանիքներին, թող 2022 թվականը հաղթանակների տարի լինի» ,-զինվորներին շնորհավորում է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։
Հրաժեշտ տալուց առաջ, մինչ մենք՝ հյուրերս անփորձանք ծառայություն մաղթեինք առաջնագծում կանգնածներին, նրանք են մեզ հույս տալիս՝ հավաստիացնելով, որ պինդ ու հզոր են։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ