Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան: Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը». ՀՀ նախագահ

Դեկտեմբեր 31,2021 22:15

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Ավարտվում է 2021 թվականը՝
մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի,
պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան:

Իմ խորին հարգանքը՝
իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:
Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը:

Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին:

Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,
30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ:
30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով։

Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև:
Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։
Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիվ և պատասխանատու:
Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում:
Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը:

Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը:
Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար:
Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները,
մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին:

Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը,
պետական կառույցների հավասարակշռմանը, ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը:

Վաղուց ժամանակն է գիտակցել, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք՝ մեր բանակը, մեր աշխատանքը,
մեր միտքը:

Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար, որի շուրջը համախմբվում ենք բոլորս:Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։

Հավատացե՛ք ձեր ուժերին, հարգե՛նք մեր երկիրը, հարգե՛նք յուրաքանչյուր հայրենակցի:
Եվ աշխարհն ավելի կհարգի մեզ՝ որպես ժողովուրդ և որպես պետություն:

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ամանորը հույսի, հավատի ու սպասումների տոն է:

Վստա՛հ եմ, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները:
Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ:

Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան:
Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը:

Թող 2022 թվականը մեր երկրի,
մեր ժողովրդի, ձեզնից յուրաքանչյուրի
և ձեր ընտանիքների համար լինի առողջության, խաղաղության, հաջողության, լիության և առաջընթացի տարի:

Թող բոլորիս ընտանիքներում տիրեն
ջերմությունը, համերաշխությունը,
ուշադրությունը, հոգատարությունը և սերը միմյանց հանդեպ:

Շնորհավոր Նոր տարի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031