«Արդեն երկու տարի է, ինչ ազատությունից առաջ խաղաղություն ենք մաղթում, խաղաղություն ենք խնդրում Բարձրյալից, հետո մեր ազատությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող Արայիկ Մ.-ն։
«Անցած տարի՝ պատերազմի օրերին շատ դիմեցինք, որ տանեն առաջնագիծ, մեր լուման ունենայինք, հետո նորից հետ կբերեին, բայց ասին՝ չի թույլատրվում։ Կարծեմ, մեկ-երկու բացառություն արեցին։ Կարեւորը՝ սահմանները պինդ լինեն»,-ասում է Արայիկը։
Նոր տարվա սեղանը կպատրաստեն կեսգիշերից մեկ ժամ առաջ։ «Դե տնից տուլիկ ենք ստացել (հանձնունք-Ա․Դ․), չեմ թաքցնի՝ ինքնաշեն օղի ունենք, եթե բռնելու են՝ թող բռնեն,-ծիծաղելով ասում է Արայիկը,-բայց չեն հասցնի, մինչեւ կարդան՝ գան, խմած կլինենք»։
Արդեն 3 տարի է, ինչ կալանավայրերում սնունդը դարձել է ավելի որակյալ ու տոներին՝ մենյուն ոչ սովորական ու ճոխ է լինում։ Դեկտեմբերի 31-ին էլ տոնական՝ խոզի խորոված, երշիկ, խոզապուխտ, հյութ, լավաշ, էկլեր․․․Այնպես որ կալանավայրերում նույնպես տոնական սեղանների շուրջ են դիմավորելու 2022 թվականը։
Ոմանք ինքնաշեն օղիով, որոշները՝ հյութով լի բաժակները կզարկեն մեկ-մեկու՝ խմելու խաղաղության, զոհված տղերքի, բանակի ու հետո միայն իրենց բաղձալի ազատության կենացը։ Կարեւորը՝ մաղթանքները հասնեն Աստծուն․․․․
Լուսանկարը հեղինակի անձնական արխիվից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ