ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՊԲ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳԵՆԵՐԱԼ ՄԱՅՈՐ ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՏԱՐԵՄՈՒՏԻ ՈՒՂԵՐՁԸ
Պաշտպանության բանակի սիրելի զինծառայողներ, հարգելի հայրենակիցներ
Ավարտին է մոտենում հերթական բանակային տարին, որը հարուստ էր փորձություններով ու մարտահրավերներով, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բուռն զարգացումներով: Սակայն այսօր կարող ենք փաստել, որ Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորակազմի համատեղ ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս շարունակական քայլեր ձեռնարկել մեր հայրենիքի ապաքինման և նրա տեսլականի կառուցման ուղղությամբ:
Հաշվի առնելով 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օբյեկտիվ իրողությունները պաշտպանական համակարգում ևս համապատասխան կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ են իրականացվել, որոնք միտված են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքմանն ու մեր ազգաբնակչության անվտանգության ապահովմանը: Այդ նպատակով 2021 թվականին իրականացված մեծածավալ աշխատանքները մի կողմից ուղղված են եղել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զինծառայողների կենցաղային պայմանների բարելավմանը, մյուս կողմից՝ անվտանգային խնդիրների լուծմանը:
Կարդացեք նաև
Բանակի հրամանատարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել նաև զինծառայողների և նրանց ընտանիքների, քաղաքացիական անձանց կողմից պարբերաբար բարձրացվող խնդիրները, որոնք գործող օրենսդրության շրջանակներում ստանում են իրենց լուծումները:
Հաշվի առնելով հետպատերազմական շրջանի դժվարություններն ու առանձնահատկությունները, նպատակաուղղված աշխատանքներ են իրականացվել անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության ուղղությամբ: Այս համատեքստում զորամասերում, մարտական գործողությունների վայրերում և ուսումնական հաստատություններում կազմակերպվել են մեծարման և հիշատակի միջոցառումներ, տեղադրվել են խաչքար-հուշարձաններ, որոնք վեր են ածվել սրբավայրերի և հայրենասիրական դաստիարակության օջախների:
Անկասկած գալիք տարվա խնդիրները կազմելու են 2021 թվականի տրամաբանական շարունակությունը: Մենք շարունակելու ենք կարողությունների ու հնարավորությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, տարածաշրջանում և աշխարհում տիրող լարվածությունը: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակելու է իրականացնել այն դերն ու առաքելությունը, որը բխում է մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու ձգտումից:
Նոր տարվա շեմին եկեք մեկ անգամ ևս գլուխ խոնարհենք մեր մարտական ընկերների ու հարազատների, բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի պաշտպանության ու ազատության: Նրանց սխրանքներն ու հերոսական արարքները նաև պարտավորեցնում են մեզ անտրտունջ հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները, որպեսզի ապագան կառուցենք ավելի ամուր հիմքերի վրա, քանզի դա է պահանջում նրանց հիշատակի հավերժացման հրամայականը:
Ավարտելով խոսքս` ՊԲ հրամկազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլոր հայրենյաց պաշտպաններին, Արցախյան ազատամարտի, Ապրիլյան առճակատման և 2020 թվականի պատերազմի բոլոր մասնակիցներին, մեր հայրենիքի ազատության համար մարտիրոսված նվիրյալների հարազատներին ու ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Թող 2022 թվականը լինի բարգավաճման ու երազանքների իրականացման տարի: