«Քաղաքական իշխանության ցանկացած պահանջ կատարող գլխավոր դատախազը պետք է չպաշտոնավարի, որովհետեւ ինքը անկախության խնդիր ունի»,- այսօր դատախազության մոտ ի պաշտպանություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Ըստ նրա, եթե դեկտեմբերի 31-ին՝ Ամանորին ընդառաջ Աշոտ Մինասյանի խափանման միջոցը չեն փոխում, ուրեմն դատախազը կաշկանդված է:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ասաց. «Այս իշխանություններին թվում է, որ Աշոտ Մինասյանին Նոր տարվան կալանքի տակ պահելով՝ դժվարություն են ստեղծելու: Դուք այդ հայրենասիրությունը չեք տեսել, չունեք, բայց Աշոտ Մինասյանը առաջնագծում է Նոր տարին դիմավորել, սրանո՞վ պիտի իրեն վախացնեք»:
Կարդացեք նաև
Մամիջանյանն ասաց, որ երկու ուղերձ ունի իշխանություններին. «Հնարավոր չի մեզ կոտրել՝ կալանավորելով, մեր վրա ոստիկան ուղարկելով, կամ քննիչ ուղարկելով: Եվ երկրորդը՝ բոլոր նրանց, ովքեր իր հրամանով արագ-արագ գործ են կարում ու շարունակում են կալանքի տակ պահել թուրքին «կզցրած» հրամանատարներին, ինչ-որ պահի բոլորիդ է քցելու, բոլորդ եք հայտնվելու անազատության մեջ: Ասելու է՝ պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ, իրե՛նք են մեղավորները»:
Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր պատրաստվում էր տեսակցել Մինասյանին ու փոխանցել նրան ուղղված աջակցության խոսքերը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ