Այսօր դատախազության շենքի մոտ ցույց էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի: Նրա փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ ինչ կատարվում է, անմարդկային է ու որեւէ աղերս չունի իրավական դաշտի հետ. «Աշոտ Մինասյանին կալանավորել էին այն բանի համար, որ ըստ նախաքննության տվյալների, դեռեւս կան մարդիկ, որ չեն բացահայտվել ու Աշոտ Մինասյանը կխոչընդոտի այդ մարդկանց բացահայտմանը: Մի քանի օր առաջ նախաքննությունն ավարտվեց, ու իրենք էլ են ընդունում, որ Աշոտ Մինասյանին մեղսագրված է միջին ծանրության արարք: ՀՀ-ում միջին ծանրության հանցագործություն կատարած բացառիկ անձինք կան, որոնք այս պահին անազատության մեջ են: Քննչական մարմինները, դատախազությունը միշտ բարյացակամ մոտեցում է ցուցաբերել այդ մարդկանց նկատմամբ: Բացի այդ, նոր մարդ բացահայտելու խնդիր այլեւս վարույթն իրականացնող մարմինը չունի, այս հիմքն էլ է վերացել»:
Միհրան Պողոսյանն ասաց, որ, ճիշտ է, դատախազության մոտ ցույց են անում, բայց այդ շենքում այս պահին ոչ ոք չկա, ինչը նշանակում է, որ Ամանորին նախապատրաստվելը, «բուդ ու բլինչիկ» ուտելը շատ ավելի գերադասելի իրավունք է, քան անձի ազատության իրավունքի վերաբերյալ որոշում կայացնելը. «Չեն կարող ասել, թե տոնական օրեր են, ոչ աշխատանքային, որովհետեւ Աշոտ Մինասյանին ձերբակալելու ժամանակ եղել են կրկին ոչ աշխատանքային օրեր՝ շաբաթ-կիրակի: Այդ կիրակի օրով դատախազները հասել էին դատարան եւ պնդում էին, որ Աշոտ Մինասյանը պետք է ձերբակալված մնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ