Ինչպես տեղեկացրել ենք, այսօր դատախազության շենքի առջեւ բողոքի ցույց էր՝ ի պաշտպանություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ որեւէ իրավական հիմք չկա Աշոտ Մինասյանին կալանքի տակ պահելու. «Ես հիմքերը ներկայացրել եմ դատախազություն, որ փոխեն խափանման միջոցը եւ կալանքից ազատեն: Դատախազությունից ասել են՝ օրենքով սահմանված ժամկետում կպատասխանենք: Գիտեք ինչ, օրենքով սահմանված ժամկետը դոգմա չի: Մենք այնպիսի իրավիճակ ունենք, որ մարդիկ մտածում են, որ եթե օրենքով հնգօրյա ժամկետ է, պարտադիր պետք է պատասխանեն վերջին օրը: Գոյություն ունի համաչափության սկզբունք: Մարդիկ րոպե առաջ պետք է ազատեն ապօրինաբար անազատության մեջ պահվող մարդկանց: Այստեղ խոսքը չի գնում մարդու մասին, որն ունի հանցավոր անցյալ, խոսքը մի մարդու մասին է, որն ունի հերոսական անցյալ ու որի օրինակով սերունդներ են դաստիարակվել ու դաստիարակվելու: Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս են մարդիկ, այսօր դեկտեմբերի 31-ն է, բաժակ խփելու, շնորհավորելու, գլուխը բարձին դնելու՝ իմանալով, որ պետք է պատասխանեն այս հարցին: Պատասխանը մեկն է՝ ի վերջո խափանման միջոցը փոխվելու է, բայց այնպես են անում, որ մեկ րոպե ավել մնա անազատության մեջ: Մեր երկրում կալանքը վերածվել է պատժի: Մարդ եթե անօրինական բան չի արել, կալանավորում են ինչի՞ համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ