Այսօր դատախազության շենքի առջեւ բողոքի ցույց էր՝ ի պաշտպանություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի:
«Շատ կարեւոր է, որ մեր հասարակությունը բլինչիկից եւ տոլմայից զատ նաեւ հիշի այն մասին, որ կան մարդիկ, ոորոնք շարունակում են այս իշխանությունների կողմից հետապնդվել՝ իրենց հայրենասիրության, իրենց քաղաքական հայացքների, ստեղծված իրավիճակի հետ չհամակերպվելու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ դեկտեմբերի 31-ը իրենց համար Նոր տարվա նախաշեմ չէ, այլ ընդամենը օրացուցային օր. «Հայաստանում ժամանակը իրականում կանգ է առել 2020-ի նոյեմբերի 9-ին, որովհետեւ մեր վերջին անհետ կորած զինվորը, ռազմագերին չի վերադարձել Հայաստան, վերջին զոհվածի աճյունը չի թաղվել Եռաբլուրում ու ամենակարեւորը՝ չի պատժվել մեղավորը: Սա անարդար է»: Աշոտյանը հիշեցրեց, որ Աշոտ Մինասյանը մենակ չէ, նրա հետ միասին քաղաքական հետապնդման են ենթարկվում Գառնիկ Իսագուլյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մանթաշյանը եւ այլք:
Արմեն Աշոտյանն ասաց, որ իրենց տեսլականը նույնն է՝ «առանց Նիկոլ Հայաստան», որովհետեւ վերջինիս ռեժիմը լիկվիդացիոն գներով ծախում է Հայաստանը, մեր պետական շահերը, ցեղասպանությունը, Արցախն ու Եռաբլուրը. «Եթե այսպես շարունակվի, Նոր տարին կսկսենք դիմավորել ոչ թե Ձմեռ պապի, այլ՝ Նոել Բաբայի հետ, որը Թուրքիայինն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ