ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Սիրելի շիրակցիներ, անցնող տարին մեր երկրի ու մարզի համար մարտահրավերներով լի դժվար ժամանակահատված էր։ 44-օրյա պատերազմի թողած անդառնալի կորուստներն ու չսպիացող վերքերը, համավարակի դեմ շարունակվող անդուլ պայքարը մեզ ուղեկցել են 2021-ին։
Սակայն մենք եղել ենք հայի պայքարող ոգով, շիրակցու հաստատակամությամբ ու տոկունությամբ։ Դժվարություններով հանդերձ քայլել ենք պետականության ամրապնդման և երկիր կայունացման ճանապարհով` միասին փորձելով լուծել անհաղթահարելի թվացող դժվարությունները։
Կարդացեք նաև
Խոնարհումս հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակի ու հերոսածին մայրերի առջև։
Գերության մեջ գտնվող մեր եղբայրներից 35-ը հայրենադարձվել են, մյուսների վերադարձին ևս սպասում ենք հավատով։
Շիրակում շարունակվեցին իրականացվել արդեն մեկնարկած բազմաթիվ ծրագրեր, պետական բյուջեից հատկացված միջոցներով շուտով ավարտին կմոտենա գյուղական անօթևանության հիմնահարցի լուծումը, միջոցներ ուղղվեցին ճանապարհների ու ենթակառուցվածքների նորոգմանը, Գյումրու տրանսպորտային ցանցի բարելավմանը։ Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հաջող ընթացք ունեցան տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնք կրելու են շարունակական բնույթ նաև 2022-ին։
Տարին, բնականաբար, նաև ընտրական էր ու մեր մարզում ձևավորվեցին նոր համայնքներ, նորընտիր համայնքապետերին մաղթում եմ արգասաբեր աշխատանք՝ ի շահ մեր համայնքների զարգացման ու առաջընթացի։
Շիրակի մարզը եղել և մնում է մարզական լավագույն ձեռքբերումներով տարածաշրջան, 2021 թվականն էլ բացառություն չեղավ, մեր մարզիկների հաղթանակների շնորհիվ աշխարհի տարբեր մրցաբեմերում բազմիցս հնչեց հայոց օրհներգն ու վեր խոյացավ հայոց եռագույնը։
Բայց մեր հոգսերն ու խնդիրներն, իհարկե, շատ են ու դրանց լուծմանն ենք մեր ջանքերն ուղղելու առաջիկա տարում։
Նոր տարում ևս մարզի բնակչության հիմնահարցերը լինելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
Քայլ առ քայլ առաջ ենք գնալու՝ կերտելով մեր նորօրյա պատմության ձեռքբերումներով լի էջերը։
Սիրելի հայրենակիցներ, թող գալիք տարին լինի խաղաղության, նոր ձեռքբերումների տարի։ Թող յուրաքանչյուր շիրակցի զգա փոփոխությունների դրական շունչը։ Թող բոլորիս բաժին հասած դժվարություններին ու հոգսերին 2022 թվականին գան փոխարինելու երջանկությունը, ուրախությունն ու հաղթանակները։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։