Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. ՍԴ-ն, ըստ էության, չի լուծել խնդիրը: Պետք է հասնել նրան, որ պետությունը կրի ՊՇՌ հետազոտության ծախսերը

Դեկտեմբեր 31,2021 12:46

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը 23 դեկտեմբերի 2021թ. կայացրել է թիվ ՍԴՈ-1621 որոշումը, որով առողջապահության նախարարի հրամանում նշված «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է Սահմանադրությանը հակասող:

Եվ բնական հարց է ծագում, ինչ պետք է անի քաղաքացին:

Սահմանադրական դատարանը (ՍԴ) 4 էական պայման է անտեսել, ինչն իմ կարծիքով սխալ եզրահանգման հիմք է դարձել՝

1.ՍԴ-ն ըստ էության անվտանգ և անհրաժեշտ է համարել չգրանցված և փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութերի կիրառումը: Ավելին, ՍԴ-ն, առանց հիմնավորման, վստահել է այն մոտեցմանը, որ պատվաստանյութերը վարակի տարածումը կանխում են, մինչդեռ պատվաստված անձինք էլ են վարակվում և վարակում քովիդով, ինչպես նաև պատվաստված անձինք էլ են մահանում քովիդից: Դեղերը և պատվաստանյութերը պարտադիր ենթակա են գրանցման՝ փորձարկման բոլոր փուլերը սահմանված կարգով անցնելուց հետո: Քովիդի դեմ որևէ պատվաստանյութ գրանցված չէ, այլ թույլատրված է արտակարգ իրավիճակում օգտագործել.

2.ՍԴ-ն չի ուսումնասիրել այն հանգամանքը, որ ՊՇՌ հետազոտության մասով խտրական մոտեցում է դրսևորվում պատվաստվածների և չպատվաստվածների միջև (սա նախորդ (1) պայմանի անտեսման հետևանք է), քանի որ պատվաստված քաղաքացին էլ կարող է վարակի աղբյուր դառնալ.

3.ՍԴ-ն չի քննարկել այն հարցը, որ ՊՇՌ հետազոտությունը բժշկական միջամտություն է հանդիսանում: Ընդ որում, ՍԴ-ն այդ համոզման կգար իր իսկ կողմից վկայակոչած «Բիոէթիկայի և մարդու իրավունքների մասին» համընդհանուր հռչակագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությամբ, ըստ որի՝ կանխարգելող, ԱԽՏՈՐՈՇՈՂ կամ թերապևտիկ նպատակներով իրականացվող ցանկացած բժշկական միջամտություն պետք է իրականացվի միայն համապատասխան անձի նախնական, ազատ և տեղեկացված համաձայնությամբ՝ պատշաճ տեղեկատվության հիման վրա.

4.ՍԴ-ն ուսումնասիրության առարկա չի դարձրել վիճարկվող իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, ըստ որի՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի:

Այս չորս պայմաններին պատշաճ ուշադրություն դարձնելու դեպքում, ՍԴ-ն չէր կարող որևէ խնդիր չարձանագրել, առավել ևս, երբ մարդուն կանգնեցնում են երկու բժշկական միջամտություններից մեկն ընտրելու փաստի առաջ: Հատկանշական է, որ ՍԴ-ն այս որոշմամբ հստակ արձանագրել է, որ բժշկական միջամտության ենթարկվելու ազատ կամահայտնության բովանդակային առումով ձևախեղումը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի խախտմանը:

Այս առումով ՍԴ-ն, ըստ էության, չի լուծել խնդիրը: Թողել է մի շարք բաց հարցեր:

Ինչևէ, հիմա ՍԴ-ի լուծման շրջանակներում ինչ ունենք.

ՍԴ-ն ասում է՝ Հրամանի՝ համապատասխան իրավակարգավորումների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այն դեպքում, երբ անձը (աշխատողը) սահմանված վարքագծի տարբերակներից ընտրում է ոչ թե պատվաստման, այլ իր միջոցների հաշվին թեստավորման և, ըստ այդմ, համապատասխան սերտիֆիկատ ներկայացնելու տարբերակը, ապա դա հանգեցնում է անձի սեփականության իրավունքին միջամտության, որպիսի պայմաններում հարկ է պարզաբանել, արդյոք այդ դեպքում չի խախտվում սեփականության իրավունքի սահմանափակման համաչափության սահմանադրական սկզբունքը:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նկատի առնելով Հրամանով սահմանված թեստավորման պարբերականությունը, Հայաստանի Հանրապետությունում թեստավորման գների/արժեքների և նվազագույն աշխատավարձի չափի միջև անհրաժեշտ համամասնականության/համաչափության պահպանման առումով ԱՌԱՋ Է ԳԱԼԻՍ ԽՆԴԻՐ՝ միաժամանակ, արձանագրելով խնդիրների առկայությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության գնային քաղաքականության ոլորտում:

ՍԴ որոշման ծաղկաքաղից պարզ է դառնում, որ քաղաքացու հաշվին ՊՇՌ հետազոտությունը ըստ էության միջամտություն է քաղաքացու սեփականության իրավունքին:

ՍԴ-ն նշել է, որ առողջապահության նախարարը լիազորված չի եղել ասելու, թե ում հաշվին պետք է լինի ՊՇՌ հետազոտությունը: Բայց մենք ունենք նաև ՍԴ դիրքորոշում, որը քաղաքացի հաշվին ՊՇՌ հետազոտությունը համարում է խնդիր:

Այս պայմաններում, առաջարկում ենք հետևյալ գործողություններն իրականացնել այն քաղաքացիների համար, որոնք՝

1) Իրենց ազատ կամքի արտահայտմամբ չեն ցանկանում պատվաստվել և այն էլ՝ չգրանցված պատվաստանյութերով, որոնք լիովին չեն երաշխավորում քովիդից վարակվելը, վարակելը և մահանալը,

2) Իրենց սեփականության իրավունքին անհամաչափ միջամտության պատճառով չեն ցանկանում վճարել ՊՇՌ հետազոտության համար:

ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է՝ ՀԱՍՆԵԼ ՆՐԱՆ, ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔԸ ԿՐԻ ՊՇՌ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿՀՐԱԺԱՐՎԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ:

Հաշվի առնելով, որ իրավական պետության խնդիրն է այնպիսի իրավական դաշտ ստեղծել, որ անորոշություններ և մարդու հիմնական իրավունքների անհարկի սահմանափակումներ չլինեն,

նկատի ունենալով, որ սոցիալական պետության խնդիրն է աշխատողներին չծանրաբեռնել այնպիսի նյութական ծախսերով, որը կախված է այլ անձանց առողջությունը պաշտպանելու հետ (օրինակ աշխատանքային օրենսգրքով որոշ մասնագիտությունների մասով անհրաժեշտ պարտադիր բժշկական զննումը կատարվում է գործատուի միջոցների հաշվին և ոչ թե՝ աշխատողի),

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝ այս տեսանյութի մեկնաբանությունում քիչ ուշ տեղադրվող նամակը լրացնել և փոստով ուղարկել առողջապահության նախարարությանը՝ պահանջելով պետության հաշվին ապահովել ՊՇՌ հետազոտությունը:

Հ.Գ. Բացասական պատասխան ստանալուց հետո (ամենայն հավանականությամբ պատասխանն այդպիսին կլինի), եթե իրավական գործընթացներ կսկսվեն, օրինակ՝

ա/ պետական մարմինը կարող է 10.000-ից 20.000 ՀՀ դրամ աշխատողին տուգանել, կամ

բ/ գործատուն կփորձի աշխատողին աշխատանքի չթույլատրելու կամ աշխատանքից ազատելու վարքագիծ դրսևորել,
դիմեք մեր թիմին, մենք ձեր շահերն անվճար կպաշտպանենք, ինչպես խորհրդատվությամբ, այնպես էլ՝ դատարանում:

Ուզում եմ տեղեկացնել, որ իրավական պաշտպանության հարցում էլ կան ռիսկեր: Հետևաբար, դուք որոշեք:

Եթե պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների համար, ապա մենք ձեր կողքին ենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031