Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք այսօր արվեստի խնդիր չունենք՝ այդ արվեստը լսողի խնդիր ունենք…. զարմացող աչքերի պակաս ունենք. «Առերեսում»

Դեկտեմբեր 31,2021 12:30

«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադարձ եղավ այն հանգամանքին, որ ԿԳՄՍ բյուջեում մշակույթի ոլորտին հատկացված է ընդամենը 7.3%. սա դիտվել էր որպես հիմնավորում, թե որքան «լուսանցքայնացված է մշակույթը, և որքան անհեռատես ու քայքայիչ էր, գուցեև նպատակային մեկ տանիքի տակ մի շարք ոլորտների համատեղումն ու ազգային պետության թուլացումը»:

Կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը եւս նպատակահարմար չհամարեց մի կառույցում այդ համատեղումը. «Այդ գերատեսչությունները պետք է առանձին գործեին, եւ այդ դեպքում կլինեին անհամեմատ ավելի արդյունավետ, քանի որ խնդիրները բազում են ու տարբեր են»:

Համաձայնելով, որ մշակույթի ֆինանսավորումը մնացորդային է՝ հավելեց. « Ինձ ավելի շատ մտահոգում է հայեցակարգը, թե ի վերջո՝ ինչ է պետությունն ակնկալում մշակույթից: Մշակույթն ի՞նչ է իր համար՝ գործի՞ք, ինչ-որ էական խնդիրներ լուծելու, թե՞ նրա համր գործընկերն է… Պետք է հստակ ամրագրվեն այդ առաջնահերթությունները, նշվեն նաեւ արժեքները, հստակ նախադասություններով ձեւակերպվեն ազգայինի, համամարդկայինի տեղն ու նշանակությունը: Եվ թող չվախենան այդ ձեւակերպումներից ու տեքստերից:

Գիտեք, մենք տարօրինակ ժամանակներում ենք ապրում, երբ ծաղրվում է բանաձեւված խոսքը, վերլուծությունը կամ արժեքային համակարգի մասին խոսելը, ընդհանրապես՝ որեւէ նվիրական, խորքային կամ հիմնարար բաներին անդրադառնալը»:

Լեւոն Գալստյանը հավելեց. «Երբեմն ազգայինի տարրերը կապում են ինչ-որ անհասկանալի հետադիմության, անհարկի պահպանողականության հետ: Սա կեղծիք է, որից պետք է հրաժարվել: Իհարկե, նաեւ խոսել հակառակ ծայրահեղության մասին՝ գավառամտության քաղքենիական դրսեւորումների մասին:

Եվ մի ցավոտ հարց էլ կա՝ պետք է այդ մասին բարձրաձայն խոսենք եւ խոստովանենք: Շատ հայեր խորշում են իրենց ազգային ինքնությունից, անհարմարավետության զգացում ունեն դրանից: Ես դա գիտեմ՝ իմ պաշտոնավարման ժամանակ եմ առիթ ունեցել նման մարդկանց հետ շփվելու: Լեզվի տեսչությունն եմ ղեկավարել ժամանակին եւ իմ փորձառությունը վերաբերում է ավելի շատ դրան: Այո, շատ մարդիկ երազում են լինել այլ ազգի ներկայացուցիչ, որովհետեւ հայ լինելու հանգամանքը ընկալում են որպես դժբախտություն, ավելին՝ անձնական ողբերգություն»:

«Զոհվածի ծնողին հայհոյողը հա՞յ է, թե՞ չէ,- հընթացս հարց ուղղեց «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը, որի ավագ որդին՝ Վարդանը, զոհվեց 44-օրյա պատերազմում: – Կարին Տոնոյանին, Գեղամ Նազարյանին, ինձ լիքը հայհոյանքներ են գրում ֆեյսբուքում… Հիմա դրանք հայե՞ր են, թե՞ չէ»…

«Սա պատկերացումների խմորում է՝ պատկերացումներ պայքար է,- ամփոփեց Լեւոն Գալստյանը:- Կյանքի, մահվան, պատերազմի, խաղաղության, մեր ապագայի, մեր արժեքների մասին պատկերացումներ պայքար է սա: Ազգային եւ ոչ ազգային արժեքների, արժեքների չգոյության՝ դա էլ կա»:

Իսկ Դավիթ Ամալյանի ամփոփումն էր. «Այսօր կդիմեմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե ինչ որ բան պիտի փոխեն արվեստում, թե մշակույթում… Քանի որ մտավորական բառը պետք է օգտագործեմ՝ ճշտեմ. դա մասնագիտությամբ արվեստագետը չի: Այս պահին ինձ համար մտավորական է այն տղան, որը դիրքում կանգնած է: Բայց մտավորականի մեր ընդունած ամբողջական կերպարի գործն այսօր ոչ թե արվեստ սարքելն է, այլ հանդիսատես սարքելը: Մենք այսօր արվեստի խնդիր չունենք՝ մենք այդ արվեստը լսողի խնդիր ունենք… Ալեքսանդր Մելքոնյանին հիշեմ՝ զարմացող աչքերի պակաս ունենք»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031