Լրահոս
Օրվա լրահոսը

2022-ը ևս պետք է դառնա վերածննդի ու նվաճումների տարի՝ անառարկելի ու հաստատուն. Լուսինե Ղարախանյան

Դեկտեմբեր 31,2021 12:12

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի ամանօրյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 2021 թվականը, հիրավի, ծանր ու փորձություններով լի էր նաև կրթամշակութային ու սպորտի համակարգի համար։ Հոգու կսկիծով ու մրմուռով մեկիկ-մեկիկ հաշվեցինք ու հաշվառեցինք համակարգի կորուստները։

Հուսալքության ու հուսավառության ամենախորքային ծավալումներով շարունակեցինք ու շարունակում ենք գործել բզկտված, օկուպացված, արյամբ ոռոգված հայրենիքում, քնում և արթնանում ենք պատերազմի մղձավանջով։ Նախարարության օրակարգային խնդիրներ են շարունակում մնալ տեղահանված ու անաշխատ մնացած ուսուցչության զբաղվածությունը, տեղահանված աշակերտության համար նոր շենքային պայմանների ձեռքբերումը, օկուպացված տարածքների պատմամշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության պայքարը, կրթության որակի շարունակական բարձրացման և մարտահրավերներին օրավուր ճիշտ դիմակայելը։

Այնուհանդերձ, մենք կարողացել ենք պատերազմից հետո արագ ինքնակազմակերպվել ու որոշակի աշխատանքներ տանել տեղահանված աշակերտության և ուսուցչության խնդիրները մեղմելու ուղղությամբ։

Անցնող տարին նշանավորվեց մեկ կարևոր կրթական իրադարձությամբ։ Դա երկարօրյա դպրոց բարեփոխող ծրագրի ներդրումն էր, որի աշխարհագրությունը կընդարձակվի շուրջ 48 համայնքներում, և որը կդիտվի տեղահանված ուսուցչությանն աշխատանքով ապահովելու ևս մեկ հնարավորություն։ Կարևորում եմ «Դասավանդի՛ր Հայաստանի» հետապատերազմյան համայնքահեն ծրագրերը, Արմաթների տեղադրումը, որոնք շարունակական կլինեն նաև 2022-ին, և մենք կհասնենք տեխնոլագիական հասարակության ստեղծմանը։

Արցախում արդեն առևտրայնացվում է գիտական արդյունքը, իսկ 2022-ին ինտելեկտուալ ու գիտաճամբարների ստեղծումը, որոնց գործունեությունն ու աշակերտության մասնակցությունը կդառնա կենսակերպ։

Հունվարից բացվելիք կիրակնօրյա դպրոցներով մատաղ սերնդին կտոգորենք կենդանի և ազդու հոգևորությամբ։ Կրթության, գիտության, մշակույթի մշակների բոլորանվեր ուժերի մեկտեղմամբ մենք կշարունակենք գրել մեր՝ Արցախի հայկականության և անկախության պատմությունը, մեր պայքարի ընթացքը․․․

Կհամախմբվենք ու կմեկտեղենք ազգի ներուժը՝ Արցախը դարձնելով գիտակրթական գրավիչ միջավայր։ 2022-ը կլինի կրթական նոր համագործակցությունների, հանրակրթական բարեփոխումների, մասնավորապես, ուսուցիչների ատեստավորման քաղաքականության ներդրման տարի։ Աշխարհի շատ ու շատ երկրներ կերազեին ունենալ մեր մշակույթի հարյուրերորդ մասը, բայց մենք, որպես աշխարհին քրիստոնեություն բերած ազգ, հեռվից ենք դիտում մեր օկուպացված հուշարձաններին, որոնք ոչ ոք չի կարող օտարել մեզնից, և որոնք կշարունակեն մնալ մեր հույսի ու հավատի մշտահոս աղբյուրը, մեր ինքնության պայքարը։

Իսկ քոչվորականության, արյունահեղության, բարբարոսության պարադիգմը դատապարտված է ձախողման։ Սա չեմ ասում որպես արդարության հավատացյալ, պարզապես արյան ծովը չի ցամաքում, այն նոր կյանքեր է մկրտում ու ոգեշնչում նոր արարումների։ Մեր վարքականոնը կա ու կլինի աշխատանքը, կրթական, գիտական ու արվեստի արժեքներ ստեղծելը, ինքնությունը պահելը, սպորտային բոլոր սահմանները հատելը։ Մեր կերոնը ոգին է, որով դարձանք հարատևության խորհրդանիշ։ 2022-ը ևս պետք է դառնա վերածննդի ու նվաճումների տարի՝ անառարկելի ու հաստատուն։

Մենք թերևս կշարունակենք քնել ու արթնանալ պատերազմի հետ՝ աչքերում ունենալով նահատակված զինվորների ու ազատամարտիկների անխոս տառապանքը։ Նվիրվածությամբ, չարքաշությամբ, տքնաջան աշխատանքով ու զոհաբերությամբ մենք կարող ենք ու բորբոք կպահենք ըղձական գալիքի հույսը։ Թող իսպառ կորչեն դասալքությունը, անմիաբանությունը, անհամեստությունը, չարախոսությունը, պատեհապաշտությունը, քծնանքը, անպատասխանատվությունն ու անհետևողականությունը, և փոխարենը՝ օրը սկսենք ու մայրամուտվենք սակավապետությամբ, անանձնական մղումներով՝ անսալով հողի տնքոցին, անմահների հրամանին։

Ու եթե լինելու է ուրախություն կամ հաջողություն, ապա թող դա լինի համընդհանուր ու հավաքական։ Շարունակենք լիզել մեր վերքերը, ու կգա հրակարմիր լուսաբացը․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031