Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց վաստակը գնահատելու եւ մանավանդ անունները հավերժացնելու մշակույթը պահանջում է շատ ուշադիր վերաբերմունք, լրջություն». «Առերեսում»

Դեկտեմբեր 31,2021 10:43

Երեւանի ավագանու դեկտեմբերի 28-ի նիստի օրակարգից հանվել էր անտիկ գրականության դասախոս Լեւոն Ներսիսյանի անունով փողոց անվանակոչելու Իզաբելլա Աբգարյանի նախագիծը: Երեւանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ներողություն եմ ուզում խնդրել Լեւոն Ներսիսյանից, ես անձամբ չեմ ճանաչում իրեն, գիտեմ, որ Հրաչյա Ներսիսյանի տղան է: Օրակարգում նախնական ներառված է եղել 38 հարց, տարբեր հարցեր օրակարգից դուրս են եկել՝ այս պահին 22-ն են»:

Երևանի այս ավագանին մեկ ամիս առաջ հրատապ կարգով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ Հենրիկ Հովհաննիսյանին: Ու թեեւ սա Հայկական հեռուստատեսության հիմնադրման 65 եւ ծննդյան 85-ամյակների առիթով էր, շատերը վերհիշեցին նրա՝ «Նիկոլ, ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, սոկրատյան հանգստությունը» գնահատականը:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով կատարվածին՝ կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանն ասաց. «Մարդկանց վաստակը գնահատելու եւ մանավանդ անունները հավերժացնելու մշակույթը պահանջում է շատ ուշադիր վերաբերմունք, լրջություն: Ես չգիտեմ՝ հիմա քաղաքապետարանում գործո՞ւմ է անվանակոչման մասնագիտական հանձնաժողովը, թե՞ ոչ, այսինքն՝ նրա՞նք են ներկայացնում քաղաքապետին, թե՞ ոչ: Համենայնդեպս՝ ինքս եղել եմ այդպիսի մի հանձնաժողովի կազմում. դա բավականին պատկառելի մի խումբ էր՝ ժամանակին Գեւորգ Տեր-Վարդանյանի ղեկավարությամբ, այնուհետեւ՝ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի: Եվ մենք համակողմանիորեն քննարկում էինք այդ հարցերը: Շատ բաներ ինքներս չգիտեինք՝ ճշտում էինք, հարցնում, որ վերջնականապես համոզվենք այդ որոշման իրավացիության մեջ: Նույնը պետք է աներ քաղաքապետը: Փաստարկ չէ նրա չճանաչելը կամ չիմանալը Լեւոն Ներսիսյանին:

Իսկ թե ով է Լեւոն Ներսիսյանը… իմացողներին հիշեցնեմ, չիմացողներին՝ ասեմ, որ մի քանի սերնդի դաստիարակած մարդ էր. դա ոգեղեն դաստիարակություն էր: Շատ դժվար է մեկ այլ օրինակ հիշել հումանիտար գիտելիքի ոլորտում մի անձի, որի խոսքն այդքան ազդեցիկ լիներ ընդ որում՝ ոչ միայն բանասերների, պատմաբանների միջավայրում: Այդ բանավոր հանճարին գալիս էին լսելու, վայելելու զանազան բուհերից:

Ի դեպ, ասեմ, որ այդ ժառանգությունն անհետ չի կորել. դասախոսությունների պահպանված սղագրությունները արդեն գրքի տեսքով լույս են ընծայվել, նաեւ 1-2 տեսաֆիլմ է նկարահանվել: Այնպես որ՝ հարգարժան քաղաքապետը կարող էր ծանոթանալ եւ ավելի կշռադատված մոտենալ այդ հարցին: Միով բանիվ՝ դա սխալ որոշում է»:

Ի դեպ, Լեւոն Ներսիսյանի ծննդյան 90-ամյակին՝ դեկտեմբերի 24-ին, ԵՊՀ-ն տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես ասված էր. «Լևոն Ներսիսյանի դասախոսություններն իսկական ներկայացումներ էին՝ հագեցած արժեքավոր տեղեկություններով և միայն իրեն բնորոշ մատուցման բարձր արվեստով: Լևոն Ներսիսյանը մահացել է 1999 թ., սակայն նրա անունը մինչև այժմ շարունակում է համալսարանական որակյալ կրթության հոմանիշը լինել»:

«Առերեսում» հաղորդաշարի թողարկումը, որի հյուրերն են Դավիթ Ամալյանն ու Լեւոն Գալստյանը՝ դիտեք այսօր ժամը 12-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031