«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է հանգեցնել հարաբերությունների ամբողջական խզման։
Ըստ «Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների, հինգշաբթի ուշ երեկոյան հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահն ասել է, որ նման պատժամիջոցները «վիթխարի սխալ» կլինեն։
Ի պատասխան Պուտինի նախազգուշացումներին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ ասել է, թե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն Ուկրաինա ցանկացած ներխուժման:
Հիշեցնենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի խնդրանքով: Հեռախոսազրույցի նպատակը Ուկրաինայի արևելյան սահմանի շուրջ լարվածությունը թուլացնելու վերջին փորձն է, քանի որ այստեղ են կուտակվել ռուսական բանակի ավելի քան 100,000 թվակազմով ուժեր:
Կարդացեք նաև
Զորքերի տեղակայումն անհանգստություն է առաջ բերել Արևմուտքում, եւ ԱՄՆ-ը սպառնում է Պուտինին «աննախադեպ» պատժամիջոցներով:
Ռուսաստանը հայտարարում է, թե չի պատրաստվում ներխուժել այդ երկիր, և որ զորքերն այնտեղ են զորավարժությունների համար:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ երկու նախագահների միջեւ զրույցի հնչերանգները եղել են «լուրջ և առարկայական»:
«Նախագահ Բայդենը կրկնել է, որ այս երկխոսություններում բովանդակային առաջընթաց կարող է լինել միայն դեէսկալացիայի պայմաններում», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
«Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կպատասխանեն, եթե Ռուսաստանը որեւէ ժամանակ ներխուժում իրականացնի դեպի Ուկրաինա», – հավելել է Փսաքին:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել հաջորդ ամիս Ժնևում, և Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը կոչ է արել իր ռուս գործընկերոջը հետամուտ լինել դիվանագիտական լուծմանը:
Հինգշաբթի օրվա հեռախոսազրույցից առաջ իր տոնական ուղերձում Պուտինն ասել էր, թե «համոզված է», որ ինքն ու ամերիկացի իր պաշտոնակիցը կարող են աշխատել միասին` հիմնվելով «փոխադարձ հարգանքի և միմյանց ազգային շահերի վրա»:
Ըստ «Ռոյթերս»-ի, երկու ղեկավարներն էլ ընդունել են, որ հավանաբար կլինեն ոլորտներ, որտեղ իրենք կարող ենք նշանակալից առաջընթաց գրանցել, ինչպես նաև ոլորտներ, որտեղ համաձայնությունները կարող են լինել անհնար, և որ առաջիկա բանակցությունները ավելի ճշգրիտ կորոշեն դրանց հնարավորությունները»:
Ըստ Սպիտակ տան խորհրդականների, «Բայդենն ընդգծել է հետագա հնարավոր քայլերի մասին, որոնք ներառում են դիվանագիտությունը և զսպվածությունը, ինչպես նաեւ «լուրջ ծախսերն ու հետևանքները»:
Ըստ Բայդենի օգնականների, Ռուսաստանի դեմ Արեւմուտքը կարող է կիրառել այնպիսի միջոցներ, որոնք արդյունավետ կերպով ‘’կանջատեն’’ Ռուսաստանին համաշխարհային ֆինանսական համակարգից՝ միևնույն ժամանակ ավելի զինելով ՆԱՏՕ-ին:
Պուտինը ներկա լարվածությունը համեմատել է Սառը պատերազմի ժամանակաշրջանի Կուբայի 1962 թվականի հրթիռային ճգնաժամի հետ: Վաշինգտոնը նրա պահանջներից շատերը, ներառյալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սահմանափակելու մասին պնդումները, համարում է «անիրականանալի»:
Արամ ՎԱՆԵՑՅԱՆ