Պատրաստում ենք սովորական թթվասերային բիսկվիթ, կտրատում մեր ուզած տեսքով, վրան քսում գունավոր կրեմ եւ ստանում տոնական թխվածք:
Անհրաժեշտ մթերքները՝
Խմորի համար
6 ձու
Կարդացեք նաև
200 գրամ շաքարավազ
150-200 գրամ կարագ
100 մլ բուսական յուղ
400 մլ թթվասեր, որը կարող եք մասնակի կամ ամբողջությամբ փոխարինել մածունով
1 թեյի գդալ սոդա
մի պտղունց աղ
2 բաժակ ալյուր՝ մոտ 350 -400 գրամ
Կրեմի համար
100 գրամ կարագ
400 մլ կաթնաշոռային կամ սերուցքային պանիր
1 բաժակ՝ 200 գրամ շաքարի փոշի
կես լիտր բարձր յուղայնության սերուցք
սննդային ներկեր
Պատրաստման եղանակը
Ե՛վ խմորի, ե՛ւ կրեմի համար նախատեսված կարագը պիտի լինի սենյակային ջերմաստիճանի:
Թասի մեջ լցրեք կարագը, բուսական յուղը, շաքարավազը եւ հավկիթները, լավ հարեք, ավելացրեք թթվասերը, շարունակեք հարել; Հենց դառնա միատարր զանգված՝ ավելացրեք ալյուրը, սոդան եւ աղը: Հարեք, պետք է դառնա քամած մածունի խտության խմոր: Լցրեք յուղաթղթով պատված ջեռոցի կաթսայի մեջ եւ դրեք 190 աստիճան տաքացրած ջեռոցը 25-30 րոպեով: Պատրաստ լինելը ստուգեք փայտիկով, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է:
Մինչ խմորը պատրաստվում է, պատրաստեք կրեմը: Լավ հարեք կարագը, շաքարի փոշին եւ սերուցքային կամ կաթնաշոռային պանիրը: Առանձին հարեք նաեւ սերուցքը: Սերուցքը գդալ-գդալ ավելացրեք կրեմին:
Կրեմը բաժանեք երկու կամ երեք մասի, կախված այն բանից, թե քանի՞ գույնի կրեմ եք ուզում ստանալ: Ամեն մասին ավելացրեք ձեր նախընտրած սննդային գույնը՝ մի քանի կաթիլ ու լավ խառնեք:
Երբ խմորը եփվի, անջատեք ջեռոցը, թողեք մի քանի րոպե, ապա հանեք եւ կտրատեք ձեր նախընտրած եւ տոնի թեմային առնչվող ֆորմաներով: Օրինակ՝ եղեւնի, սրտիկներ, ծաղիկներ եւ այլն: Կրեմապատեք եւ զարդարեք ձեր նախընտրած ձեւով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ