Ամանորի գիշերը Եռաբլուրում կկայանա խոնարհման միջոցառում՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով:
Այս մասին «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պատմեց 44-օրյա պատերազմում ավագ որդուն՝ Վարդանին կորցրած երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը, որը 2020-ի ամանորի գիշերը ինքն էլ արցունքն աչքերին երգեց Եռաբլուրում:
«Ես ուրախ եմ, որ ոչ մի կազմակերպություն, կուսակցություն եւ ոչ մի ԻՔ, ՔՊ, ՉՊ… այդպիսի տառեր չկան այստեղ: Մարդկանց հավաք է՝ մշակութային ակցիա: Նույնիսկ գումարով աջակցողն է խնդրել, որ իր անունը չտանք; Եվ ինքը մենակ չի՝ էլի մարդիկ կան, որ միացել են»,- պատմեց Դավիթ Ամալյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ միջոցառման ռեժիսորն Արթուր Սահակյանն է, գրական խմբագիրը՝ Լեւոն Գալստյանը, երաժշտական խմբագիրը՝ Արտյոմ Հակոբյանը:
«Շոու չենք անում, համերգ չենք անում,- ասաց Դավիթ Ամալյանը:- Ծնողներն ամանորին պետք է իրենց տղերքի կողքը լինեն՝ սա ոչնչով չի խանգարելու այդ մթնոլորտին»:
Կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը, որն «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրն էր՝ լրացրեց. «Այդ օրը կհնչեն պինդ ու լուսավոր բանաստեղծություններ եւ երգեր, որոնք վայել են օրվա խորհրդին, այդ պահի տրամադրությանը»:
Ի դեպ, այս տարի Դավիթ Ամալյանը հանդես չի գա Եռաբլուրում: Փոխարենը հանդես կգա Վարդան Ամալյանի մայրը՝ Արմինե Ամալյանը:
«Առերեսում» հաղորդաշարի 2021-ի վերջին թողարկումը, որի հյուրերն են Դավիթ Ամալյանն ու Լեւոն Գալստյանը՝ դիտեք դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին: