Երևանի Գայի պողոտա 1 շենքի բակում օրերս տեղադրվեց հուշարձան՝ ի հիշատակ Արցախի 2-֊րդ պատերազմի հերոսների, նվիրված է Գագիկ Խաչատուրյանին։ Այն կառուցվել է բնակիչների հանգանակություններով, և գարնանը նախատեսվում է ընդլայնել հարթակը։
Գագիկ Խաչատուրյանը ծառայել է Մեխակավանում։ Մինչ զորակոչվելն ասում էր, որ պետք է մասնակցի պատերազմի, գտնվի ամենաթեժ վայրում։ Ուներ կրտսեր սերժանտի կոչում։ Իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել և ստացել է շնորհակալական նամակ։ Ծառայության ընթացքում գիրք էր գրել իր մտերիմ ընկերների մասին։
44-օրյա պատերազմի ընթացքում եղել է ջոկի հրամանատար։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար նրան շնորհվել է Միջազգային անվտանգության ակադեմիայի բարձրագույն կոչում՝ արժանանալով «Ասպետ» շքանշանի։
Կարդացեք նաև
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։
«Մենք ստեղ ենք, որ դուք հանգիստ քնեք, ամեն ինչ լավ է լինելու»,- ասել էր Գագիկը պատերազմի ընթացքում ընտանիքի անդամներին։
Գագիկը ծնվել է 1997 թվականի փետրվարի 3-ին Երևանում։ Մանկության տարիներին ընտանիքով տեղափոխվել է Թբիլիսի։ Փոքրուց զբաղվել է երաժշտությամբ։ Սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց ստուդիայի վոկալի բաժնում։ Հիմնել է երաժշտական խումբ, որն ամեն տարի կատարել է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգերի cover տարբերակները։ Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին։
Մասնակցել է «X-factor» հեռուստաերաժշտական մրցույթին։ Եղել է Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթնաժողովի ռեժիսորի օգնական։ Երգել է Երևանի Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում։ 2018-2019 թվականներին Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության ռեժիսորի օգնականն է եղել։ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատել է որպես միմանսի դերակատար։ 2019 թվականին ընտրվել է Երևանի կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ։ Գերազանցությամբ ավարտել է ԵՊԿ-ն և ընդունվել ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրա։
Կայացան Գագիկին նվիրված համերգներ՝ Երևանի պետական Կոնսերվատորիայում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգասրահում։
«Կոնսերվատորիայի նոր ժամանակի պատմության մեջ նա մնաց որպես ամենաբոսոր ուսանող և ոչ այն պատճառով, որ կարմիր դիպլոմով ավարտած ամենահիշվող ուսանողն էր, այլ որովհետև Կոնսերվատորիայով քայլող այդպիսի մարդ էր նա․․․ Կոնսերվատորիայի հավերժ մագիստրոսն ու արվեստով ապրող զինվորը»,- համերգներից մեկի ժամանակ նշեց երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։
Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ