«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը «Հայելի» ակումբում 2021 թվականը բնութագրեց որպես ամոթի տարի:
«Ամոթ մեզ, շատ ամոթ: 2020 թվականը, այո, արհավիրքի տարի էր, դավաճանական ծրագրերի տարի: Հանձնվեցին մեր պապական հողերը. շատ փոքր մասը՝ արյունով, այն էլ՝ թիկունքից հարվածի պատճառով, իսկ մեր արյունով գծված սահմանները հանձնվեցին մի գրչի հարվածով: Թվում էր, թե հայ ազգը նման բան հանդուրժել չի կարող: Ամոթ բոլորիս, նաեւ ինձ: Ուրեմն լավ չենք պայքարել, ինչ արել ենք, լավ չենք արել, որ երբ արդեն ամեն ինչ ակնհայտ էր, թույլ տվեցինք այս իշխանությանը մնալ: Սահմանը այսօր մեր թիկունքում է եւ ավելի վտանգավոր է: Եթե չլիներ թիկունքից հարվածը, մեր տղաները չէին պարտվի: Սա պարտվելու պատերազմ չէր: Ես վստահ եմ ասում: Այո, բայրաքթարներ օգտագործվում էին: Իսկ ո՞վ է ասում, որ 90-ականների պատերազմներին նրանց տանկերը, ինքնաթիռները, МИГ-երը տեխնիկապես կամ քանակապես նույն կերպ մեզ չէին գերազանցում: Կամ ո՞վ է ասում, որ այն ժամանակ մոջահեդներ կամ իսլամիստներ չէին կռվում մեր դեմ: Այն ժամանակ էլ քանակապես մեզնից մի տասն անգամ շատ էին:
Մեզ ամոթ է, որ այսօր գնում ենք օրացույցային տարեմուտի: 2021-ը հայոց պատմության մեջ գրվելու է որպես հայի ամոթի տարի: Իսկ ինձ համար իսկական տարեմուտը կլինի այն ժամանակ, երբ կազատվենք այս ապիկար իշխանությունից: Իմ պատկերացմամբ հայի նոր տարին կսկսվի այդ օրվանից: Հուսով եմ, որ եկող տարին կլինի հայի հետին խելքի տարի»,-ասաց Արշակ Զաքարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ