ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, «Հայելի» ակումբում ամփոփելով 2021 թվականը, ասաց, որ ցավոք սրտի, արձանագրելու լավ բան, կարծես, չկա:
«Ինչ եղավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ամբողջ ծավալով իր շարունակությունն ունեցավ 2021 թվականի ընթացքում: Այն ծրագիրը, որ իրականացվեց եւ այն, ինչ կատարվում է այսօր Վարդենիսում, դրանից հետո այս իշխանությանը կազմակերպված հանցախումբ որակելուց բացի այլ կերպ հնարավոր չէ: Այս կազմակերպված հանցախմբի կողմից ինչ ծրագրվել էր 2018 թվականին իշխանության գալուց հետո, 2021 թվականին շարունակվեց նույն ընթացքով:
Ես վստահ եմ, որ սրանց իշխանության գալու նպատակը Արցախի հարցի այն լուծումն էր, ինչ հիմա ունենք: Ավելին, ընդհանրապես Արցախի հայկականության վերացումն էր, ինչը չհաջողվեց իրականացնել, որովհետեւ տարածաշրջանում կան ոչ միայն թուրք-ադրբեջանական շահեր, որի սպասարկողն է դարձել այս հանցախումբը 2018 թվականից հետո: Կան նաեւ այլ երկրներ՝ Ռուսաստանը, Իրանը, որոնք ունեն իրենց շահերը եւ թույլ չտվեցին հայ ժողովրդի դեմ հանցագործ ծրագիրը մինչեւ վերջ հասցնել: Այսինքն, վերջնականապես հայաթափել Արցախը: Սակայն, այն, ինչ չհաջողվեց մինչեւ նոյեմբերի 9-ը մեր բանակի հերոսական ջանքերի, մեր 18-20 տարեկանների անձնուրաց պայքարի շնորհիվ, երբ կասեցրինք այդ հանցագործ ծրագրի մինչեւ վերջ իրականացումը, սրանք նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո սկսեցին իրականացնել դանդաղ քայլերով»,-ասաց Բագրատ Եսայանը:
Նա թվարկեց մարդկային, տարածքային եւ նյութական կորուստները, որ Հայաստանն ու Արցախն ունեցել են 44-օրյա պատերազմի ընթացքում եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: «Այս տարվա ընթացքում, սրանց գովերգած խաղաղության, պատերազմական գործողություններ չլինելու պայմանում մենք ունեցանք բազմաթիվ գերիներ, մենք ունեցանք 100-ից ավելի զոհեր: Եվ սա ՊՆ հրապարակած տվյալն է: 130-ից շատ զոհեր ենք ունեցել 2021 թվականին, կամ նոյեմբերի 9-ին զինադադարի հայտարարությունից հետո: Հետեւաբար, սրանց հայտարարած խաղաղության դարաշրջանը դանդաղ արյունաքամ լինելու, դանդաղ պատերազմի իրավիճակ է եւ որեւէ կապ չունի խաղաղության հետ»,-նշեց բանախոսը եւ հիշեցրեց քարոզարշավի ժամանակ կոմունիկացիաների բացման, գերիներին ադրբեջանական բանտերում Հայաստանի համար պայքարողներ ներկայացնելու, իսկ հիմա հանկարծ նրանց դավաճան հանցագործներ որակելու փոխակերպումը:
Կարդացեք նաև
Ու նաեւ ներկայացրեց իրավիճակից ելք գտնելու՝ Դաշնակցության առաջարկած ուղիները. «Առաջին հերթին չպետք է թույլ տալ, որ կասկածի տակ դրվի Հայաստանի անկախությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ պայքարի, զոհերի գնով ձեռք բերված անկախությունը: Սա դաշնակցության համար հստակ է: Այս առումով կարեւորում ենք Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը: Մեր գործունեության հիմնական թիրախներն այս ուղղությամբ են: Բայց ակնհայտ է, որ սրանց՝ իշխանության մնալու պարագայում հնարավոր չէ ապահովել ոչ առաջինը, ոչ երկրորդը»,-ասաց դաշնակցական գործիչը:
Բագրատ Եսայանը նաեւ ընդունեց, որ պատերազմից հետ այս իշխանությունը վերարտադրվելու հարցում, ինչը աղետ է, պատասխանատվության բաժին ունի նաեւ ընդդիմությունը: «Նոյեմբերի 9-ին մենք դեռեւս Հայաստանի վտանգված տարածք չունեինք: Շատ ավելին հանձնվել է պատերազմից հետո, խաղաղ պայմաններում: Ընդդիմությանը թվաց, թե նորմալ մարդը պետք է թողնի-գնա, առավել եւս, որ նրա հրաժարականը պահանջում էին բոլորը: Սակայն ինքնաբուխ պայքարի. ժողովրդի փողոց դուրս գալու շնորհիվ սրան հեռացնելու հեռանկարը 2021 թվականին չարդարացավ: Դրա համար Դաշնակցությունը եւ «Հայաստան» դաշինքը հայտարարել են կազմակերպված դիմադրության անհրաժեշտության մասին: Միայն համաժողովրդական գիտակցության պայմաններում է հնարավոր սրանց ուղղակի քշել իշխանությունից»,- ասաց ՀՅԴ անդամը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ