Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Սրելի մարզիկներ, մարզիչներ բռնցքամարտի աշխարհի հարգելի ներկայացուցիչներ, մրցաշրջան 2021-ը հայկական բռնցքամարտի համար, թերևս, ամենահաջողներից էր: Մեր բոլորիս թիմային աշխատանքը անպտուղ չմնաց ու մենք գրանցեցինք աննախադեպ արդյունք: 12 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մեդալ նվաճեց օլիմպիական խաղերի բռնցքամարտի ստուգատեսում:
Պատմության մեջ առաջին անգամ մենք փոխչեմպիոն ունեցանք աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում: Փայլուն ելույթներ ունեցան նաև մեր պատանի ու երիտասարդ բռնցքամարտիկները:
Ընդհանուր առմամբ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, նաև ԱՊՀ և օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկները նվաճեցին 30 մեդալ, որից 5 ոսկե, 11 արծաթե և 14 բրոնզե: Կարևորում եմ նաև մրցավարական ոլորտում Հայաստանի ձեռքբերումը:
Միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը ստացավ երկրորդ աստղը և հետագայում կսպասարկի ավելի բարձրակարգ մրցաշարեր: Մրցաշրջան 2022-ը նույնպես կարևոր տարի է: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ընդունելու է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Սա լուրջ մարտահրավեր է հայկական բռնցքամարտի ընտանիքի համար և ես վստահ եմ, որ բոլորս միասին անցկացնելու ենք պատմության լավագույն առաջնություններից մեկը, որը հուսով եմ կնշանավորվի նաև մեր հաղթանակներով:
Կարդացեք նաև
Սիրելի ընկերներ, տարվա ավարտին ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ ամանորի տոների կապակցությամբ:
Մեր ազգին ամենակարևորը՝ խաղաղություն եմ մաղթում, իսկ մեր մարզիկներին փառահեղ հաղթանակներ: Թող, որ յուրաքանչյուրիդ աշխատանքը պսակվի ոսկե նվաճումներով: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
Հովհաննես ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԲՖ նախագահ