«Դրական նշաններ ենք ստանում Հայաստանից եւ Թուրքիայից. եռակողմ քննարկումներ են տեղի ունենում՝ ՀՀ-Թուրքիա-ՌԴ, սահմանազատման-սահմանագծման արդյունքները հստակ չենք կարող ասել, բայց հույս ունենք, որ դրական արդյունքներ կունենան: Գիտակցում ենք, որ Հայաստանի կառավարության եւ քաղաքացիների համար առաջնային խնդիր է գերիների շուտափույթ վերադարձը: Կարծում եմ, այս գործընթացում էական կլինի 2022-ի հունվարի 13-ին, Վիեննայում կայանալիք հանդիպումը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը: 2022-ին Լեհաստանը ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը եւ Հարավային կովկասում գործընթացների վերաբերյալ այդ երկրի մոտեցումների մասին կբարձրաձայնվի Վիեննայի համաժողովում:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը՝ անդրադառնալով 2021-ի մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորաբար, դրա առանցքը կազմող ժողովրդավարության մակարդակին: Դեսպանն ասաց, որ իրավիճակն առավել լավ է, քան մինչեւ 2018-ի մարտ-ապրիլ ամիսը՝ թավշյա հեղափոխությունը: Նա նկատեց, որ ՀՀ իշխանությունը դատական համակարգում բարեփոխումներ է իրականացնում: Ասաց՝ դեռ զգուշավոր կլինի իր գնահատականներում, բայց հույս ունի, որ իշխող ՔՊ-ն կպահպանի ժողովրդավարությանն ուղղված իր քայլերը եւ դրանք կամրապնդի Հայաստանում: Դեսպանը լիահույս է նաեւ, որ Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժը ցանկություն ունի ԵՄ-ի հետ իր հարաբերությունները զարգացնել եւ Հայաստանն ավելի լավը դարձնել:
Պատերազմից հետո և՞ս նկատում եք ժողովրդավարացման միտումը՝ հարցին էլ դեսպանը պատասխանեց, որ բարդ հարց է, քանի որ պատերազմի ընթացքում տեսած ողբերգությունն անդրադարձավ նաեւ ընտրությունների արդյունքի վրա եւ իրողություններում իրենց արտահայտումն ունեցան ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր ճամբարներում առկա լարվածությունները: Նա հավաստիացրեց՝ ԵՄ բոլոր անդամ պետությունները ձգտելու են, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդվի:
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ռեժիմի մասով եվրոպացի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են՝ Հայաստանը տեխնիկապես պատրաստ է գործընթացին: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի մոտեցումն այն է, որ քովիդի համավարակը որոշակիորեն դանդաղեցրեց գործընթացը: Ասաց՝ Լեհաստանը Հայաստանի հետ վիզաների ազատականացման կողմնակից է, բայց որոշումը պետք է ԵՄ բոլոր անդամ պետություններում կայացվի: Որոշակի ժամկետներ, դեսպանը դժվարացավ նշել, ասաց, որ հարցը շատ նուրբ է:
Կարդացեք նաև
Դեսպանի գնահատմամբ, հայ-լեհական հարաբերությունները բարեկամական են եւ այդպես էլ շարունակվում են, թեեւ համավարակով պայմանավորված բազում փոխայցելություններ չկայացան: Նա հույս ունի, որ տարվա առաջին կեսին կհաջողվի ապահովել Լեհաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան: Հույս ունի նաեւ, որ լեհ-հայկական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները կվերականգնվեն: Հանձնաժողովի վերջին հանդիպումը 2018 թվականին է եղել: Նախատեսվում են տարբեր միջխորհրդարանական այցեր եւ հանդիպումներ, ՀՀ խորհրդարանում ձեւավորվել է լեհ-հայկական բարեկամական խումբը, կակտիվանան նաեւ փոխարտգործնախարարների մակարդակով շփումները:
Պավել Չեպլակի գնահատմամբ, 2018-ից հետո Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավվել է: Նա հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու երկրների գործարարների աշխատանքին: Դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստանի բանկային համակարգում լեհ գործարարները ներդրումային ծրագիր կիրագործեն: Տարբեր ծրագրեր կան, սակայն, քանի դեռ պայմանագրերը կնքված չեն, ձեռնպահ մնաց մանրամասներ ներկայացնելուց:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ