Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր կտրամադրվի  2 տարի վավերականության ժամկետով

Դեկտեմբեր 30,2021 15:24

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը,  որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող ՀՀ քաղաքացիները հին նմուշի` ոչ կենսաչափական տվյալներով անձնագրեր կստանան 2 տարի վավերականության ժամկետով` ներկայիս 10 տարվա փոխարեն։ Նույնականացման քարտերի տրամադրման կարգը կմնա անփոփոխ` 10 տարի ժամկետով։ «Տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը հնարավորինս կարճ ժամանակահատվածում հանել շրջանառությունից»,– ասել է Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ արդեն մշակվել է նոր կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը, որն իրենից ներկայացնելու է առավել լայն տեղեկատվական համակարգ։

Անդրադառնալով որոշմանը՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կնպաստի ՀՀ տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը։ «Այսօր Հայաստանը տեխնոլոգիական առումով հետ մնացած երկիր է: Օրինակ՝  այն անձնագրերը, որ ՀՀ քաղաքացիներն այսօր օգտագործում են, ժամանակակից աշխարհում արդեն շատ վաղուց չեն օգտագործվում»,–ասել է վարչապետ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոլորտում առկա են մի քանի շերտեր՝ սկսած քաղաքականից: «Մենք երկար ժամանակ խոսում ենք, որ այնպիսի համակարգ ունենաք, որ ի բնե ընտրությունների կեղծման մեխանիզմ գոյություն չունենա: Դրա համար, անհրաժեշտ է, օրինակ,  ընտրություններին մեկ միասնական փաստաթուղթ ունենալ՝ նույնականացման քարտ, որով քվեարկությունն արձանագրվում է և օնլայն ամբողջ հանրապետությունում ցանցն իրար միացած է: Այսօր մենք մի քանի փաստաթուղթ ունենք, որով կարելի է քվեարկել՝ անձնագիր, կենսաչափական անձնագիր, ID քարտ, բերված տեղեկանք և այլն: Երկրորդ՝  առանց այս նորամուծության հնարավոր չէ երկրում իրականացնել թվայնացում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թվայնացման գործընթացը կնպաստի տարբեր ոլորտներում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031