«Բելառուսի հետ ճգնաժամը սահմանային ճգնաժամ չէ, այն քաղաքական ճգնաժամ է եւ ստեղծվել է Մինսկի կողմից, որին հովանավորում է Մոսկվան» ,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը՝ խոսելով լեհ-բելառուսական սահմանին վերջին ամիսներին ստեղծված իրավիճակի մասին: Իրավիճակը սրվեց 2021-ի օգոստոսին, սակայն, դեսպանի գնահատմամբ, դեպքերն ավելի վաղ են ծավալվել, հատկապես, երբ խոսքը Լիտվայի եւ Լատվիայի հետ հարաբերությունների մասին է:
Ճգնաժամի պատճառը բանախոսի կարծիքով եղել են Բելառուսում կեղծված նախագահական ընտրությունները եւ այդ առիթով ԵՄ-ից հնչած քննադատությունները: Դեսպանը նկատեց՝ ընտրություններից հետո Բելառուսի ժողովրդավարական ընդդիմությունը տեղափոխվեց Լեհաստան, Լիտվա եւ Լատվիա, այդ պատճառով էլ Բելառուսի կառավարությունը հրահրում է այս խնդիրները: Դեսպանը կարծում է, որ ճգնաժամը հրահրվում է՝ շեղելու համար ուշադրությունը՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ գործողություններից, սակայն, հավաստիացնում է, որ դա չի հաջողվելու եւ հավելում, որ Լեհաստանը սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Պավել Չեպլակը նաեւ հավելում է, որ տարբեր մեկնաբաններ կարծում են, որ այս ճգնաժամը ստեղծված է Լեհաստանի եւ Բելառուսի, Լիտվայի եւ Լեհաստանի միջեւ «Ստրիմ 2» գազատար խողովակի ծրագրով պայմանավորված:
Դեսպանը նկատեց՝ ԽՍՀՄ տապալման 30 ամյակն է եւ ՌԴ-ն ձգտում է ռուսական կայսրության վերականգնմանը, սակայն մեր նպատակն է, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձեւավորված անկախ պետությունները պահպանեն իրենց անկախությունը:
2020 թվականին Լեհաստանն ընդունել է Բելառուսի 23 հազար քաղաքացիների, որոնք ժամանել են օրինական ճանապարհով մուտքի արտոնագրեր ձեռք բերելով, նրանցից մոտ 4000 դիմել է միջազգային պաշտպանության, 12 հազարը՝ ժամանել է մարդասիրական օժանդակության, մնացյալը՝ Լեհաստանի տարածքում բիզնես գործունեություն ծավալելու ծրագրի շրջանակներում, ըստ իրենց մասնագիտական հնարավորությունների:
Կարդացեք նաև
Դեսպանը ցավով է ընդգծում, որ Բելառուսի՝ արդեն 30 տարի ձեռնարկված գործողությունները ԵՄ-ի դեմ, այս անգամ համայնքին ամենամեծ ապակայունացման արդյունքն են գրանցել: Միաժամանակ, դեսպանը վստահեցրեց՝ Լեհաստանը չի պատրաստվում տրվել Բելառուսի սադրանքներին եւ շանտաժին, թույլ չի տա ապօրինի հատումներ կատարել, ինչպես թույլ չի տվել 30 տարի եւ Լեհաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ամուր լինեն ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի սահմանները: Դեսպանը նաեւ հավաստիացրեց՝ Լեհաստանը համախմբված գործողություններ է ձեռնարկում իր դաշնակիցների հետ՝ ՌԴ-ի եւ Բելառուսի ձեռնարկած ճնշումներին դիմակայելու համար:
Դեսպանը կիսում է ԵՄ տարբեր պաշտոնյաների եւ իր երկրի ղեկավարի գնահատականը, որ տվյալ իրավիճակն արհեստածին է: Այդ հայտարարությունները նա թվերով է հաստատում. ըստ այդմ, 2020 թվականին Բելառուսի 395 քաղաքացի է դիմել Լեհաստանի կառավարությանը՝ աջակցություն ստանալու համար, իսկ 2021 թվականներին 2229, համապատասխանաբար, Աֆղանստանի 118 եւ 1776 քաղաքացի, Իրաքի՝ 47 եւ 1392, Իրանի՝ 18 եւ 78 քաղաքացի եւ այլն: Թվերի այս համամասնությունն, ըստ դեսպանի, լավագույն ապացույցն է, որ ճգնաժամն արհեստածին է:
Թե ինչպես են անօրինական միգրանտները հայտնվում Բելառուսի տարածքում, դեսպանը նկատում է՝ օրինակ, Իրաքի բազմաթիվ քաղաքացիներ պարզապես խաբված են եղել. նրանք Իրաքի հյուպատոսարաններում ձեռք են բերեր Լեհաստանի տարածք մտնելու օրինական փաստաթղթեր, ապա նրանք տեղափոխվել են Բելառուսի սահման: Իրաքի կառավարության հետ բանակցությունների արդյունքում 4500 փախստականի հաջողվել է վերադարձնել Բաղդադ եւ Էրբիլ: Պարադոքսն, ըստ լեհ դիվանագետի, այն է, որ 3,500 -5000 դոլար վճարելով՝ Իրաքի շատ քաղաքացիներ ստացել են Լեհաստան մուտքի վիզաներ, եւ Լեհաստան օրինական մուտք ունենալու թույլտվություն ունենալով նրանք այժմ սահմանին են, բայց չեն դիմում Բելառուսում Լեհաստանի հյուպատոսություն, թեեւ կարող են: Բանախոսի փոխանցմամբ, միգրանտներին ասվել է, որ սահմանը հատելու փորձի պարագայում նրանց անմիջապես Գերմանիա կտեղափոխեն: Դիվանագետի կարծիքով էլ անօրինական միգրանտների նպատակը Գերմանիա մուտք գործելն է, քանի որ Իրաքի եւ Սիրայի քաղաքացի այն միգրանտները, որոնք հաջողել են Լեհաստանի սահմանը հատել, չեն ցանկացել Լեհաստանում համապատասխան փաստաթղթեր կամ կարգավիճակ ստանալ եւ դեպորտացիա են արվել իրենց ցանկացած երկիրը:
ԵՄ ներկայացուցիչները պնդում են, որ Մերձավոր Արեւելքից դեպի Բելառուս անօրինական միգրանտների տեղափոխմանը նպաստում են Թուրքական ավիաուղիները. դեսպանը հաստատում է՝ իսկապես թուրքական ավիաուղիները փորձել են նպաստել անօրինական փախստականների տեղափոխման հարցին, սակայն, Լեհաստանի կառավարության ներկայացուցիչների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, անցյալ ամիս այդ թռիչքները էականորեն սահմանափակվել են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ