Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսում ոստիկանությունը բերման ենթարկեց ավագանու 2 ընդդիմադիր անդամների

Դեկտեմբեր 30,2021 14:21

Ինչպես արդեն հայտնել ենք, Վարդենիսում լարված իրավիճակ էր։ Ոստիկանությունը բերման է ենթարկել Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանին, և փորձում էին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամներ Ահարոն Խաչատրյանին և Կարեն Մկրտչյանին։

Այս ընթացքում ոստիկանները համայնքապետարանի շենքում թույլ չէին տալիս ավագանու անդամներին մտնել նիստերի դահլիճ։ Ոստիկանները Ահարոն Խաչատրյանին հայտնեցին, որ պետք է բաժին տանեն՝ կատարված միջադեպի վերաբերյալ բացատրություն տալու։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր գնահատմամբ ոստիկանությունը ոչ թե ցանկանում է բերման ենթարկել, այլ՝ առևանգել ավագանու անդամներին. «Իրավական որևէ տրամաբանության մեջ, քրեական օրենսգրքով նախատեսված որևէ իրավաչափ ընթացակարգի մեջ այս գործողությունները չեն տեղավորվում»։

Նա ոստիկաններին ասաց, որ ավագանու նիստից հետո Կարեն Մկրտչյանը և Ահարոն Խաչատրյանը պատրաստ են ներկայանալ բաժին և բացատրություն տալ։ Իսկ Վարդենիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանն էլ պատասխանեց, որ հիմա տանում են նրանց բաժին, բացատրություն են տալիս կամ հրաժարվում են բացատրություն տալուց և վերջ։ Ավագանու անդամները չէին թողնում, որ բերման ենթարկեն Կարեն Մկրտչյանին և Ահարոն Խաչատրյանին։ Քաշքշուկ սկսվեց։

Ոստիկանները տարան ավագանու երկու անդամներին սենյակ։ Ներկաները պնդում էին, որ ծեծի են ենթարկում ավագանու անդամներին, և լսել են ջարդվող ապակու ձայն։ Ոստիկանները Վարազդատ Հարությունյանին էլ թույլ չէին տալիս մտնել այդ սենյակ, նրանք պատճառաբանում էին, թե ներսում ոստիկանները զրուցում են։ Վարազդատ Հարությունյանը պնդում էր, որ բացեն դուռը, սակայն ոստիկանները հրաժարվում էին։ Նրա գնահատմամբ՝ ոստիկանությունը ժամից ավել է՝ բերման է ենթարկել ավագանու անդամներին։

Վարազդատ Հարությունյան կարծիքով՝ սա ակնհայտ քաղաքական ճնշում է. «Ոստիկանությունը դարձել է քաղաքական իշխանությունների մահակը՝ ոստիկանական համազգեստով։ Իրենք ընդհանրապես իրավունքի, իրավաբանության, օրենքի հետ կապ չունեն։ Իրենք կոնկրետ հայտարարում են՝ ապօրինի ենք անում, պատասխան կտանք։ Իրենք թողտվություն ունեն ամեն ինչ անելու։ Այստեղ իրավաբանություն, իրավունքի հետ առնչվող որևէ գործողություն տեղի չի ունենում։ Կոնկրետ փաստաբաններին ֆիզիկապես չեն թողնում մտնել՝ ֆիզիկական ուժ գործադրելով, իսկ ավագանու անդամներին ֆիզիկապես ծեծելով, քարշ տալով ավագանու նիստից պարզապես հեռացրել են, որ հանկարծ ընդդիմադիր թեկնածուն չընտրվի Վարդենիսի քաղաքապետ։ Սա նոնսենս է, որևէ համայնքում այդպիսի բան տեղի չի ունեցել»։

Ֆիլիպպ Ստեփանյանը լրագրողներին հայտնել էր, որ Արամ Մելքոնյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել։ Վարազդատ Հարությունյանը այսպես արձագանքեց. «Միջադեպի հեղինակը ինքը գնում հաղորդագրություն է տալիս։ Պարզ է, չէ՞, սխեման՝ սարքել միջադեպ, տալ հաղորդում, տալ ինչ-որ թքած կպցրած հիմք ոստիկանությանը՝ ֆիզիկական գործողություններ անելու, խափանել ավագանու նիստը։ Մինչև աստված մեծ է, մի դուռ կբացի։ Այս մարդիկ արդեն չգիտեն էլ ինչ անեն, այս մարդիկ կախվում են փրփուրներից»։

Շուտով ոստիկանները Վարազդատ Հարությունյանին թույլատրեցին ներս մտնել։ Նա լրագրողներին ասաց, որ սպասում են արձանագրություն կազմեն, իսկ եթե չհասցնեն դա կատարել, իրենք պատրաստվում են բերման ենթարկելուց երեք ժամ հետո դուրս գալ սենյակից. «Ոչ ոք իրավունք չի ունենալու մեր դուրս գալը և նիստի գնալը խոչընդոտել։ Եթե իհարկե, էլի իրավական կառուցակարգերից դուրս՝ ֆիզիկական ուժ կիրառելու եղանակով պարզապես չառևանգեն, պարզապես չմեկուսացնեն ավագանու անդամներին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031