Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Եթե Վարդենիսում իրավիճակը այսպես շարունակվի, համայնքի ղեկավարի ընտրություն չի կայանա

Դեկտեմբեր 30,2021 13:58

Ինչպես արդեն հայտնել ենք, Վարդենիսում լարված իրավիճակ էր։ Ոստիկանությունը բերման է ենթարկել Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանին, և փորձում էին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամներ Ահարոն Խաչատրյանին և Կարեն Մկրտչյանին։

«Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը որևէ հիմք չի ներկայացրել, թե ինչ հիմքով է բերման ենթարկում ավագանու անդամներին. «Փորձեցինք ամեն կերպ խոչընդոտել, որ նման արարք տեղի չունենա։ Այս պահին դեռևս մեր ավագանիները գտնվում են շենքում։ Փորձում ենք ինչ-որ կերպ կարգավորել, որ նիստ կայանա, որովհետև նիստ կայանալու համար բավարար բոլոր պայմանները կան։ Քվորում միանշանակ կա։ Մենք՝ երկու դաշինքներով միասին 14 ավագանի ունենք, որը բավարար է և՛ քվորում ապահովելու, և՛ համայնքի ղեկավար ընտրելու համար»։

Նրա խոսքով՝ այսպիսի գործողություններով խոչընդոտվել է ավագանու նիստը. «Ավագանու նիստ չկայացավ։ Եվ երբ որ մեր ավագանու անդամներից երկուսին, ընդ որում, երկուսից մեկն էլ համայնքի ղեկավարի թեկնածու է, փորձում են բերման ենթարկել, բնական է, խաթարված է արդեն ավագանու բնականոն գործողությունը։ Եվ այսպես ավագանու նիստ կամ ժողովրդի՝ հազարավոր մարդկանց ձայները ոտնահարել այս կերպ, իրավական չէ»։

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ եթե իրավիճակը այդպես շարունակվի, համայնքի ղեկավարի ընտրություն չի կայանա. «Մենք էլ նման պայմաններում չենք ներկայանա ավագանու նիստերին։ Մի խնդիր այստեղ կա, որ գրանցամատյանում մենք գրանցվել ենք։ Եվ մեր մտահոգությունն այն է, որ այս պահին առիթից օգտվելով, չփորձեն ապօրինի նիստ կայացնել, և առանց մեր ներկայության փորձեն համայնքի ղեկավար ընտրել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031