Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի Ռուսաստանի պատմությունը ներկայացվի որպես փառահեղ գործողությունների շարք». ինչո՞ւ է լուծարվել «Մեմորիալ» հեղինակավոր կազմակերպությունը. JAMnews

Դեկտեմբեր 30,2021 11:26

JAMnews. Ռուսաստանի Գերագույն դատարանը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել «Մեմորիալ» միջազգային պատմալուսավորչական, բարեգործական և իրավապաշտպան կազմակերպության լուծարման մասին։ Պատճառն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի խախտումն է։ Հեղինակավոր կազմակերպության փակումը միջազգային լայն արձագանք է ստացել։ «Ռուսաստանում պատմական պատուհանը փակվում է»․ այսպես են այս իրադարձությունը գնահատել արևմտյան վերլուծաբանները։

«Մեմորիալը» Ռուսաստանի հնագույն և հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն է, որը ստեղծվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին։ Ի սկզբանե, «Մեմորիալը» զբաղվում էր ԽՍՀՄ-ում ստալինյան բռնաճնշումների զոհերի որոնմամբ և նրանց մասին տեղեկությունների տարածմամբ։

2014 թ-ին «Մեմորիալը» գրանցվել էր որպես «օտարերկրյա գործակալ»։ Հենց այս կարգավիճակն է հիմք ծառայել 2021 թ-ի նոյեմբերին կազմակերպության դեմ հայց ներկայացնելուն․ գլխավոր դատախազությունը «Մեմորիալին» մեղադրել էր «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի խախտման համար։ Մասնավորապես, նշվում էր, որ կազմակերպությունն այդ կարգավիճակը հարկ եղած ձևով չի նշել և չի բացահայտել ֆինանսավորման աղբյուրները։

Բացի այդ, դատախազը դատական նիստի ընթացքում «Մեմորիալին» մեղադրել է պատմության խեղաթյուրման համար․ «Մեմորիալը», շահարկելով XX դարի քաղաքական բռնաճնշումների թեման, ԽՍՀՄ-ի կեղծ կերպար է ստեղծում՝ որպես ահաբեկչական պետության, արդարացնում և ռեաբիլիտացիայի է ենթարկում է նացիստական հանցագործների, հայրենիքի դավաճանների անունները, որոնց ձեռքերը խորհրդային քաղաքացիների արյան մեջ են։ Ինչո՞ւ հիմա մենք՝ հաղթանակածների սերունդներս, պետք է ականատես լինենք հայրենիքի դավաճանների և նացիստների հանցակիցների անվան վերականգնման փորձերին։ Երևի, որովհետև դրա համար ինչ-որ մեկը վճարում է», — դատախազ Ալեքսեյ Ժաֆյարովի ելույթն է մեջբերում ռուսական «Նովայա գազետան»։ 

Դատարանը բավարարել է դատախազության հայցը՝ չնայած նրան, որ «Մեմորիալին» աջակցություն են հայտնել Ռուսաստանի հայտնի հասարակական գործիչները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ Միխայիլ Գորբաչովն ու Դմիտրի Մուրատովը, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունները։

Ռուսական դատարանի որոշումը բացասական արձագանք է առաջացրել աշխարհում։

«Մեմորիալի» փակմամբ ավարտվում է ռուսական ընդդիմության և անկախ մամուլի դեմ մասշտաբային բռնաճնշումների տարին, ընթերցողներին հիշեցնում է ամերիկյան New York Times-ը։

««Մեմորիալի» փակումը նաև հերթական քայլն է Պուտինի պայքարում այն բանի համար, որ Ռուսաստանի պատմությունը ներկայացվի որպես փառահեղ գործողությունների շարք, և մեղմացվի խորհրդային ռեժիմի կերպարը, որը հաճախ շատ դաժան է եղել», — գրում են New York Times-ի թղթակիցները։

Նրանց գնահատականով՝ Պուտինն ուզում է ռուսաստանցիներին համոզել, որ երկիրը շրջապատված է թշնամիներով, որոնք երազում են կործանել այն։

«Այդ պատճառով էլ Կրեմլն ուզում է, որ ռուսական հանրությունը կենտրոնանա արտաքին թշնամիների, այլ ոչ թե հանցագործությունների վրա, որոնք կատարել են ինքնակոչ բռնապետները», — կարծում են լրագրողները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031